Քաղաքական

23.07.2019 12:23


Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ՊՎԾ-ում պաշտոնի է նշանակել (լուսանկարներ)

Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ՊՎԾ-ում պաշտոնի է նշանակել (լուսանկարներ)

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն իր սանիկին` Արթուր Նահապետյանին, հուլիսի 4-ին նշանակել է ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնակատար:

Տեղեկությունը factor.am–ի հետ զրույցում հաստատեց նաև Արթուր Նահապետյանը: Նա ասաց, որ առաջիկայում այդ պաշտոնի համար մրցույթ է հայտարարվելու: ՊՎԾ-ի մեր աղբյուրներն էլ պնդում են, որ վեց ամիս անց հենց Արգիշտի Քյարամյանի սանիկն է նշանակվելու պետի տեղակալ։

Factor.am-ի հարցին, թե ինչպես եղավ, որ նշանակվեց ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնակատար, Արթուր Նահապետյանը պատասխանեց․ «Դիմում եմ ներկայացրել ու համապատասխան ընթացակարգերից հետո նշանակվել եմ»:

Արթուր Նահապետյանը 29 տարեկան է: Նախկինում, ըստ իր ֆեյսբուքյան էջի տվյալների, 2014-2015 թվականներին, եղել է ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, իսկ ահա 2015 թվականին նշանակվել է Շիրակի մարզի դատախազի տեղակալ:

Արթուր Նահապետյանից հետաքրքրվեցինք՝ ինչը հանդիսացավ պատճառ, որ հրաժարվի նման պաշտոնից և տեղափոխվի ՊՎԾ՝ ընդամենը վարչության պետի տեղակալի պաշտոնակատարի կարգավիճակով:

«Երևան տեղափոխվելու անհրաժեշտությունը»,- պատասխանեց երիտասարդ պաշտոնյան:

Նշենք, որ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը Արթուր Նահապետյանի ամուսնության քավորն է: Մեր հստակեցնող հարցին՝ որքանով է քավորը՝ Արգիշտի Քյարամյանը նպաստել, որ ինքը նշանակվի ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնակատար, Արթուր Նահապետյանը խուսափողական պատասխան տվեց:

«Ես Ձեր հարցերին էլ չեմ պատասխանում, ցտեսություն Ձեզ»,- ասաց նա և ընդհատեց հեռախոսազանգը:

Թեմայի շուրջ Factor.am-ը փորձեց լսել նաև Արգիշտի Քյարամյանի մեկնաբանությունը: Նա, սակայն, մեր զանգերն անպատասխան թողեց: Նկատենք, որ ՊՎԾ պետի պաշտոնակատարն այն եզակի պաշտոնյաներից է, որը կառավարության նիստերից հետո ճեպազրույցների չի իջնում, որպեսզի այդ ընթացքում մեր հարցերն ուղղենք նրան:

Հավելենք, որ 2019 ապրիլի 19-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում թվարկում էր 100 տոկոսով կատարված խոստումները, նշել էր նաև այն, որ ցանկացած մեկը չի կարող իր «բաջանաղին» աշխատանքի տեղավորել:

Վարչապետի խոսքերի ենթատեքստում խնամի-ծանոթ-բարեկամ ինստիտուտի գործարկման բացառումն էր:

«2018 թվականի ապրիլի 8-ին հայտարարել եմ, որ կառավարման միջին օղակներում կան մարդիկ, որոնք լուրջ պոտենցիալ ունեն, և մենք չենք գալիս կադրային ջարդ անելու. կա քաղաքացիական ծառայության մասին օրենք, և մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Հիմա հարց՝ այս խոստումը կատարվե՞լ է, այո՛, լիարժեք 100 տոկոսով կատարվել է»,- ասել էր վարչապետը:

67553732_2407753389461795_7288517423517401088_n-768x432 67566959_891756024509079_5281156353404960768_n-768x432 67051284_2892633487477004_1907123620119838720_n-768x432

Լուսանկարներն արված են Արթուր Նահապետյանի հարսանեկան տեսանյութերից, որոնք հրապարակված են «Ֆեյսբուքում»։

Այս խորագրի վերջին նյութերը