Լրահոս

14.04.2010 17:57


Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավար կոմիտեի ՆԱՏՕ-Հայաստան ձևաչափով նիստը

Ապրիլի 12-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավար կոմիտեի ՆԱՏՕ-Հայաստան ձևաչափով նիստը, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի ընթացքում քննարկվել են Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում նորացված գործընկերության նպատակները:

ՀՀ պատվիրակությունը պաշտպանական բարեփոխումների շարքում ներկայացրել է պաշտպանության նախարարությունում քաղաքացիական հատուկ ծառայության համակարգի ներդրման գործընթացը: Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետությունում իրականացված պաշտպանական բարեփոխումները' ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչները վերահաստատել են իրենց աջակցությունը և պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի խաղաղապահ գործունեությունը, որը արժանացել է ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավարության բարձր գնահատականին:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը