Մեկնաբանություն

24.07.2019 09:15


Սահմանադրական դատարանն ուզուրպացնելու հույսը վերջինն է մեռնում

Սահմանադրական դատարանն ուզուրպացնելու հույսը վերջինն է մեռնում

Չնայած Վենետիկ հանձնաժողովի «դեղին քարտին»՝ «դատական բարեփոխումների» անվան տակ Սահմանադրական դատարանը եւ դատական իշխանությունը միասնական փաթեթով ուզուրպացնելու` «բուդկի պես» սեփականաշնորհելու հարցը դուրս չի եկել Փաշինյանի եւ «կամպանիայի» օրակարգից։

Սրանց հոգին փառավորվել էր, որ ԲԴԽ անդամներից հինգը՝ Գագիկ Հարությունյանի «գլխավորությամբ», առաջին իսկ պահանջով ձեռքերը վեր բարձրացրեցին, հանձնվեցին ու անաղմուկ հեռացան` անգամ չբացատրելով, թե «անհաղթահարելի» ինչ հանգամանքներից ելնելով են հրաժարական տալիս։

Արդեն ավելի ուշ, երբ բանը հասավ «դիվանբաշուն», Նիկոլի կոչով դատարանի դռները եւ պատուհանները արգելափակելուց հետո «թավշյա ընտրանին» հարձակվեց Սահմանադրական դատարանի վրա եւ ՍԴ ինքնակոչ «նախագահի» ձեռամբ փորձեց իրենով անել կենդանության նշաններ ցույց տվող դատական համակարգի անկախության «վերջին բաստիոնը», պարզ դարձավ, որ պարզապես չեն ցանկացել դառնալ վարչապետի կամակատարը եւ դակել ի վերուստ իջեցված որոշումները. չեն ենթարկվել «թավշյա» շանտաժին եւ ինքնակամ դուրս դրել իրենց իրավունքի եւ սահմանադրականության հետ ընդհանուր որեւէ եզր չունեցող այդ խաղից։

Քայլարած խմբակցության հայտնի եւ անհայտ «դեմքերը» կարոտով են հիշում այդ նախադեպը` մնում-մնում, «մուննաթ են գալիս» ՍԴ նախագահի եւ շեֆի կողմից «պերսոնա նոն գրատա» հայտարարված 7 դատավորների վրա։ Նրա համար, որ համառում են` չեն հետեւում ԲԴԽ անդամների օրինակին, որոնք «պետական պաշտոնյային պատշաճ վարքագիծ» դրսեւորեցին եւ սեփական կամքով լքեցին մարտադաշտը` ասպարեզը թողնելով Նիկոլի «սրտի դատավորներին»։

Այդ առումով բնութագրական է, թե ով կամ ովքեր են «կոռեկտության» դասեր տալիս ՍԴ դատավորին, բզբզում, թե` «ցանկացած պարկեշտ կամ էթիկայի նշույլ անգամ ունեցող անձ հրաժարական կտար ՍԴ նախագահի պաշտոնից»։

Կարելի էր կարծել, թե խոսքը ՍԴ ինքնահռչակ նախագահի մասին է, եթե այդ հանճարեղ մտքի հեղինակը քառակուսի ուղեղով ողորմելի մեկը չլիներ, ինչպիսին երիտհհշական Ռուբեն Ռուբինյանն է։ Նա, որ, հայտնի չէ` ինչ արժանիքների համար, կյանքում երկու հոգու ղեկավարած չլինելով, հանկարծ հայտնվեց փոխարտգործնախարարի պատասխանատու պաշտոնում։ Հետո էլ «Իմ քայլի» ցուցակով դարձավ պատգամավոր եւ, ոչ ավել, ոչ պակաս՝ նշանակվեց Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ։

Ավելին` ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարն է, բայց մինչեւ հիմա չի յուրացրել ԵԽԽՎ-ում այս կամ այն նախագծին կողմ կամ դեմ քվեարկելու «արվեստը» եւ վերջին նստաշրջանում «սխալմամբ» դեմ քվեարկեց ՌԴ պատվիրակության մանդատը վերականգնելու նախագծին։ Սա`այն դեպքում, երբ քվեարկության կարգն այնպիսին, է, որ գործնականում բացառում է սխալվելու հավանականությունը։ Եվ ստացվեց այնպես, որ իշխանական պատվիրակներից ոչ մեկը չաջակցեց ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, քանզի ՀՀՇ-ական Հովհաննես Իգիթյանը երջանիկ հանգամանքների բերումով «դեպքի վայրում» չէր`թռել էր քվեարկությունից։

Տարրական կոռեկտություն ունենալու դեպքում նույն Ռուբինյանը, ուրիշներին «կոռեկտութան» դասեր տալու փոխարեն, ի՛նքը վայր կդներ պատգամավորական մանդատը։ Նիկոլայ Բաղդասարյանն էլ առանց երկմտելու կհետեւեր նրա օրինակին`այն բանից հետո, երբ ինքնակոչի ՍԴ նախագահ հռչակվելուց րոպեներ անց շտապեց հայտարարել, որ ՍԴ նախագահն այլեւս իրավունք չունի ոտք դնել Սահմանադրական դատարան։

Վենետիկի հանձնաժողովի կողմից վեթինգի ենթարկված Վահե Գրիգորյանի մասին արդեն չենք խոսում...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը