Լրահոս

24.07.2019 11:20


Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի

Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի: Եվս մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ավելի վաղ ՔԿ–ն տեղեկացրել էր, որ 2019 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 18-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու նպատակով փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը, խուլիգանական դրդումներով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Իջևան քաղաքի բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ, բղավել, հայհոյել են, վնասել նշված խաչմերուկում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի թիթեղյա ծածկը, գործադրել բռնություն, որպես զենք օգտագործվող առարկաների՝ քարերի և մահակների գործադրմամբ, մարմնական վնասվածքներ են պատճառել հասարակական կարգի ապահովման նպատակով հիշյալ վայրում ծառայություն իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության մի շարք աշխատակիցներին և չենթարկվելով վերը նշված հանցավոր գործողությունները դադարեցնելու՝ նրանց օրինական պահանջին՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, գործադրել են ինչպես կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր, այնպես էլ՝ վտանգավոր բռնություն:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնության վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեղադրանքներ են առաջադրվել ևս 7 անձի, որոնցից 6-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործով մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ նկատի ունենալով, որ նրան հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու նպատակով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները դրական արդյունք չեն տվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Այսպիսով՝ այսօրվա դրությամբ՝ քրեական գործով 21 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, 6 անձ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, 15 անձ՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:

10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 8 անձի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին, 2-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ, իսկ 1 անձ գտնվում է հետախուզման մեջ։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը