Լրահոս

25.07.2019 12:33


Աջափնյակում 32-ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ընկերոջը

Աջափնյակում 32-ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ընկերոջը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 32-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել հետախուզման մեջ գտնվող 1978թ. ծնված տղամարդը: Նրան մեղադրանք է առաջադրվել։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019թ. մայիսի 1-ին՝ ժամը 03:35-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքով, սրտի վնասումով, արյունահոսությամբ իրենց մոտ է տեղափոխվել 1986 թվականին ծնված տղամարդ, ով նույն օրը մահացել էր:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների եւ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի ընկերը՝ Երեւան քաղաքի բնակիչ՝ ծնված 1978թ.: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Վերջինիս ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, եւ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը