Քաղաքական

26.07.2019 14:11


Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը կնիքվել է առանց դատարանի որոշման. փաստաբանը ներկայացրեց խախտումները

Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը կնիքվել է առանց դատարանի որոշման. փաստաբանը ներկայացրեց խախտումները

Դավիթ Գրիգորյանի՝ որպես դատավորի, աշխատանքային գործունեության ընթացքում նրա աշխատասենյակում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ առանց նրա գիտության եւ առանց նրա հետ համաձայնեցնելու։ Այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Դ.Գրիգորյանի փաստաբանի Գեորգի Մելիքյանը՝ փաստելով, որ այդպիսով խախտվել է օրենսդրությունը, քանի որ օրենսդրությունը պահանջում է, որ առնվազն մեկ օր առաջ դատավորին, ինչպես նաեւ ԲԴԽ-ին պետք է համապատասխան գործողություններ իրականացնող անձինք իրազեկեին։ Տվյալ դեպքում՝ դա պետք է իրականացնել հսկողություն իրականացնող դատախազը։

«Դատավորը նման իրազեկում չի ստացել ու հուլիսի 16-ին՝ ժամը 14-ի սահմաններում, նրա աշխատասենյակ են գնացել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննության վարչության քննիչը եւ առգրավում կատարելու որոշման հիման վրա փորձել է կատարել համապատասխան քննչական գործողություն»,-ասաց փաստաբանը նշելով, որ քննիչն արգելել է դատավորին մասնակցել տվյալ քննչական գործողությանը, անգամ օրենսդրության պահանջը ներկայացնելուց հետո։ Մասնակից է դարձվել դատարանի այլ աշխատակից, որի ընթացքում առգրավվել է աշխատասենյակում գտնվող, ինչպես նաեւ տվյալ դատարանում գտնվող այլ համակարգիչներ, ինչից հետո քննիչը կնիքել է դատավորի աշխատասենյակի դուռը։ Փաստաբանը հրապարակեց լուսանկարը՝ նշելով, որ այն ունի լուրջ իրավական հետեւանքներ։

«Կնիքվել է աշխատասենյակի դուռն առանց դատարանի որոշման, այնինչ Սահմանադրության 32-րդ հոդվածի 3-րդ մասի ուղղակի պահանջն է, որ բացառապես դատարանի որոշմամբ է հնարավոր բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակումը։ Ոստիկան է կանգնեցվել՝ դռան դիմաց՝ կնիքը հսկելու համար եւ թույլ չի տրվել դատավորին մուտք գործել աշխատասենյակ»,-հայտարարեց փաստաբանը։

Փաստաբանը նշեց, որ մինչ խուզարկությունը պահանջել են ներկայացնել դատարանի որոշումը, որի հիման վրա կնիքվել է դուռը կամ թույլ տալ, որ դատավորը մուտք գործի աշխատասենյակ, սակայն ոստիկանը թույլ չի տվել եւ ոչ էլ որոշումն է ներկայացրել։

Ավելի ուշ արդեն կատարվել է խուզարկությունը՝ դատարանի որոշման հիման վրա։ «Քննիչը խուզարկության ներկայանալիս ուղղակի ձևով պահանջել է, որ դատավորը հեռանա, քանի որ նա չի մասնակցելու քննչական գործողությանը։ Մենք առարկել ենք, ասել, որ աշխատասենյակի բանալին գտնվում է դատավորի մոտ, հետևաբար այն չենք ներկայացնի, որից հետո քննիչը ինչ-որ անձանց հետ խոսեց հեռախոսով, հետո ներկայացավ, ասաց, որ դատավորին թույլ են տվել մասնակցել խուզարկությանը, սակայն փաստաբանին՝ ոչ։ Մենք պահանջել ենք արձանագրել այդ ամենը, ինչը արվել է»,-ներկայացրեց փաստաբանը։

Մելիքյանը նշեց, որ քննիչին դատարանը թույլատրել է կատարել խուզարկություն երկու՝ դատավորի ու նրա օգնականի աշխատասենյակներում, այնինչ քննիչը կատարել է նաեւ երրորդ սենյակի խուզարկություն՝ առանց դատարանի որոշման, այն է՝ նիստերի քարտուղարի և գործավարի աշխատասենյակներում։

«Հատկանշական է, որ արձանագրության համաձայն կրիչներն ու փաստաթղթերը մեծամասամբ առգրավել են հենց այդ աշխատասենյակից, այսինքն՝ անօրինական»,-նշեց փաստաբանը։

Հիշեցնենք՝ հուլիսի 16֊ին ՀՔԾ֊ն իրականացրել է քննչական գործողություններ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում, ում վարույթում է գտնվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս պաշտոնյաների քրեական գործը։ Մայիսի 18-ին նա որոշել էր փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, իսկ մայիսի 20-ին՝ վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու որոշում կայացրել֊ Վերջերս հայտնի դարձավ, որ ՍԴ քննության ընդունել է դատավորի դիմումը՝ մասնակի, եւ դիմել ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով խորհրդատվական կարծիք ստանալու համար։

Ռ.Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դատարանի որոշումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց արգելափակել դատարանների մուտքերն ու ելքերը, որոնց նա եւս անձամբ մասնակցություն է ունեցել, եւ մայիսի 20-ին, ըստ էության, դատարանների գործունեությունը խափանվել էր։

Աղբյուր` Փաստինֆո

67201425_10219649345928361_1582483925731639296_n

Այս խորագրի վերջին նյութերը