Լրահոս

26.07.2019 16:10


Ադրբեջանում դադարեցվել են ՌՕՈՒ-ի բոլոր ուսումնավարժական թռիչքները

Ադրբեջանում դադարեցվել են ՌՕՈՒ-ի բոլոր ուսումնավարժական թռիչքները

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կապակցությամբ Պաշտպանության նախարարության ղեկավարության կարգադրությամբ Ադրբեջանի տարածքում դադարեցվել են բոլոր ուսումնավարժական թռիչքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյահլըն:

«Մինչև ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման հանգամանքների բացահայտումը Ադրբեջանի ՌՕՈՒ-ն ժամանակավորապես դադարեցրել է ուսումնավարժական թռիչքները: Միևնույն ժամանակ, մարտական հերթապահությունը իրականացվում է պլանավորված ձեւով»,-ասել է Դարգյահլըն:

Հուլիսի 24-ին տեղական ժամանակով մոտավորապես 22:00-ին հանկարծ կորել էր կապն Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռի հետ, որն ուսումնավարժական թռիչքներ Էր իրականացնում գիշերը, եւ այն անհետացել էր ռադարներից: Նախնական վարկածով՝ ռազմական ինքնաթիռն աղետի էր ենթարկվել եւ ընկել Կասպից ծովը: Պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ կիրառվում են օդաչուի որոնման եւ փրկման անհետաձգելի միջոցներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնախումբ, որն սկսել է վթարի պատճառների հետաքննությունը:

Այս խորագրի վերջին նյութերը