Լրահոս

15.04.2010 14:17


ՀՅԴ պատգամավոր. «Դատելով ԱԳ նախարարի խոսքից՝ ես այդ վճռականությունը չտեսա»

-Անշուշտ, հայության միասնությունը միակ գրավականն է,  որ կարողանանք հաղթահարել 21-րդ դարում մեր երկրին ու ժողովրդին սպառնացող մարտահրավերները, սակայն միասնությունը միայն խոսքով չէ, որ պետք է ապահովվի, այլ առաջին հերթին գործողություններով, և գեղեցիկ խոսքերին պետք է նախորդեն և հաջորդեն հստակ քայլեր,- ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանի ելույթին անդրադառնալով՝ «Հենարան» ակումբում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։ Նա նշել է, որ Սերժ Սարգսյանն այցելում է Վուդրո Վիլսոնի շիրմին, իսկ ՀՀ ԱԺ-ում քաղաքական մեծամասնությունը դեմ է քվեարկում նոյեմբերի 22-ը հայրենասիրության օր հայտարարելու մասին ՀՅԴ նախաձեռնությանը։

Ա. Մինասյանի կարծիքով, դատելով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքերից, որ ներկայացված որոշումն ավելի ամրապնդվեց Թուրքիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, կարելի է ենթադրել, որ խոսքն այն որոշման մասին է, որով, հավանաբար, կա՛մ գործընթացի կասեցման գործողություն են փորձում իրականացնել, կա՛մ մեկ այլ բան, որն, այնուամենայնիվ, միտված չէ գործընթացի դադարեցմանը։

Այս առումով նա ևս մեկ անգամ նշել է, որ արձանագրություններն իրենց բովանդակությամբ հակահայկական և հակաազգային են, և չի կարելի մտածել, որ միայն կասեցումով հնարավոր կլինի վերացնել վտանգները. «Անհրաժեշտ է չեզոքացնելու և թուրքական նախապայմաններից վերջնականապես հրաժարվելու համար դուրս գալ գործընթացից, դադարեցնել այդ արձանագրությունների հետագա վավերացման գործընթացը։ Դա կարող է անել ՀՀ նախագահը, սակայն դատելով ԱԳ նախարարի խոսքից՝ ես այդ վճռականությունը չտեսա»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը