Մեկնաբանություն

28.07.2019 17:15


Ուղեղների լվացումից սկսեցին, հասան գորգերի լվացման

Ուղեղների լվացումից սկսեցին, հասան գորգերի լվացման

«Հեղափոխությունը» սկսվեց ուղեղների զանգվածային լվացումով` մայրաքաղաքի փողոցները փակելով, գրավելով հրապարակները, զոմբիացնելով հպարտ քաղաքացիներին կանխավ անիրականալի ստահոդ խոստումներով եւ վեցնելով, նախ, կառավարությունը, ապա` Ազգային ժողովը։

Հետո բոլոր խոստումները քայլ առ քայլ եւ հետեւողականորեն ջրվեցին`արվեց եւ արվում է ճիշտ հակառակը այն ամենի, ինչ խոստանում էին` ինչով լվանում էին մարդկանց ուղեղները։

Հիմա եկել, հասել են խալի լվանալուն` փակել են Բաղրամյան պողոտան, ինչ է թե` Ազգային ժողովի «քիփ կողքը» գորգերի լվացման միջոցառում են անցկացնում։ Եվ անգամ այս դեպքում տեր չեն կանգնել իրենց խոստումներին. խոստացել էին, որ խալի լվանալու առաջին գծում պատգամավորները կլինեն, բայց պատգամավորների իզն ու թոզը չէր երեւում։

Միայն Լուլուն` իմքայլական Լուսինե Բադալյանն էր ներկայացել տոնական միջոցառման բացման արարողությանը։ Հարցին` բա մյուսնե՞րն ուր են, չե՞ն մասնակցելու «ոգու այդ տոնին», ասաց. «Պատգամավորները որ պետք է հենց գորգ լվանան` ճիշտն ասած, չեմ կարծում, որ պատգամավորները գորգերի լվացում պիտի անեն։ Ես հիմնականում միջոցառումը վարելու եմ, բայց գորգ լվանալ շատ սիրում եմ։ Էնպես որ, էնպես չի, որ դեմ եմ գորգեր լվանալուն»։

Դիտարկմանը, թե հանրությունը միանշանակ չարձագանքեց այդ նախաձեռնությանը, նկատեց` ով ինչ ուզում է, ասի. «Կարեւորն այն է, որ մենք մեր խղճի առաջ մաքուր ենք, որ մենք ե՛ւ ազգային տոներն ենք փորձում հավուր պատշաճի նշել, ե՛ւ միեւնույն ժամանակ չենք շեղվում մեր օրակարգից»։ Համ էլ` «սա նախաձեռնություն չի, սա տոն է, որը տոնվել է հազարամյակներով։ Եթե տոնը չնշեինք, ասելու էին` տեսեք, ազգային տոներին ուշադրություն չի դարձնում այս իշխանությունը»։

Այնպես որ, խնդիր չկա` հիմա ազգային տոնն են «հավուր պատշաճի» նշում, աշնանն էլ «փոխլրացման կարգով» Ստամբուլյան կոնվենցիան կվավերացնեն։

Եվ թո՛ղ դրանից հետո որեւէ մեկը համարձակվի ասել, թե «այս իշխանությունը» չի կարեւորում ազգային ավանդույթները կամ հարգանքով չի վերաբերվում ընտանիքի ավանդական մոդելին։

Այնուամենայնիվ, ի՞նչ կարիք կար փակել Բաղրամյան պողոտան, եթե կարելի էր ավանդական ջրոցին, ձեւավորված ավանդույթի համաձայն, Կարապի լճի մոտ անցկացնել` հատուկ տարաներով ջուր կրելու եւ դեպքի վայր հասցնելու փոխարեն, խալիներն էլ Թատերական հրապարակում լվանալ` չխոչընդոտելով քաղաքացիների ազատ տեղաշարժը, սատանան գիտի...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը