Մեկնաբանություն

29.07.2019 10:20


Քաղաքական ստախոսության անատոմիան. Փաշինյանի այցեքարտը (տեսանյութ)

Քաղաքական ստախոսության անատոմիան. Փաշինյանի այցեքարտը (տեսանյութ)

«Սիրո և հանդուրժողականության» կարգախոսով ու վենդետտաներ չանելու խոստմամբ իշխանությունը վերցրած Նիկոլ Փաշինյանը հակառակ մթնոլորտն ապահովեց: Նա խաբեց:

Սուտը դարձել է փաշինյանական իշխանության գլխավոր այցեքարտը:

Սիրո և հանդուրժողականության փոխարեն հանրությունը ստացավ սևերի ու սպիտակների բաժանում: Երկրում ատելության ու թշնամանքի մթնոլորտն աննախադեպ է: Պետական կառավարման անորակությունը փոխհատուցվում է ներքին թշնամիների փնտրտուքով: Ինչքան շատ են ձախողվում քայլարածները, այնքան հիստերիայի չափաբաժինն ավելանում է: Որքան վատ են կառավարում, այնքան ավելի մեծ իշխանություն են ուզում ունենալ: Ընդ որում՝ ապօրինաբար և լկտիաբար:

Փաշինյանի ստախոսությունը բոլոր ուղղություններով է տարածվում: Արագաչափերից մինչև պարտադիր կուտակային, թռիչքաձև տնտեսական աճի ապահովման խոստումից մինչև պետական համակարգում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքից հրաժարում:

Փաշինյանը խաբեց հպարտ քաղաքացիներին՝ հայտարարելով, թե, իբր, «նոր Հայաստան» է կառուցվում:

Դատելով նրա շրջապատից ու կատարվող քայլերից՝ մենք հիմա «հնագույն» Հայաստանի «ռազբորկաների» ու լևոնական ռևանշի փուլում ենք: Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն այդ ենթատեքստն ունի:

2-րդ նախագահին քաղաքականապես հետապնդելով՝ Նիկոլն իր անձնական վրեժն է լուծում 2008-ին չստացված սահմանադրական կարգի տապալման համար, իսկ Տեր-Պետրոսյանը Նիկոլի ձեռքերով իր հաշիվներն է մաքրում 1998-ի իշխանափոխության համար:

Լևոնն ու Նիկոլը 2008-ի թեման բացելով՝ նպատակ ունեն նաև մաքրվել 2008-ի մարտի 1-ի արյունից: Արյուն, որը հեղվեց իրենց գործուն միջամտությամբ ու կառավարմամբ:

10 զոհի վրա այս դուետը թքած ունի, քանզի և՛ այն ժամանակ, և՛ հիմա սպանվածները եղել են շահարկման ու քաղաքական առևտրի առարկա: Ինչպես Լևոնն էր խոստովանել 2008-ի մարտի մեկին հաջորդած գիշերը, ինքը երբեք այդքան հանգիստ չի քնել:

Ի դեպ, Փաշինյանի ստախոսությունը նաև Քոչարյանի դեմ «կարված» գործում դրսևորվեց:

Փաշինյանը հայտարարում էր, որ դատական իշխանության գործերին չի միջամտելու, սակայն հայտնի գաղտնալսումներից պարզ դարձավ, որ դատական որոշումների ընդունման հարցում կա գործադիր իշխանության կոպիտ միջամտություն:

Քոչարյանին 1-ին անգամ կալանավորման որոշում կայացրած դատավոր Հրաչ Մարգարյանի փոխարեն որոշում կայացնում էին ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարները հեռախոսային խոսակցության ընթացքում: Փաշինյանին հետագայում զեկուցում էին դատական գործընթացի վերաբերյալ՝ հավաստիացնելով, որ իր սրտի ուզած որոշումը կլինի:

Քոչարյանին կալանավորելու մյուս որոշումը կայացրած Արմեն Դանիելյանը նույնպես գտնվում էր կառավարության ճնշման տակ: Դատարանների դռները փակելու ապօրինի հրահանգ հնչեց, ինչպես նաև դատավորներին սպառնացին «վեթինգով»: Նպատակը մեկն էր՝ Քոչարյանի մասով ստանալ ցանկալի որոշում:

Տխրահռչակ Դանիելյանն այնքան էր մտել կամակատարի դերի մեջ ու այնքան էր ենթարկվում քաղաքականապես գունափոխված գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որ նույնիսկ դատավարական տարրական պրոցեդուրաները խախտեց: Դե, իսկ նրանք, ովքեր օրենքին ասում էին՝ «այո», իսկ Փաշինյանին՝ «չէ», ենթարկվել են ապօրինի ու քստմնելի հետապնդումների: Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշում կայացրած դատավոր Ազարյանի դիսերտացիայում փորձում են ստորակետի ու բութի խնդիրներ գտնել, իսկ Գրիգորյանի աշխատասենյակը կնքվել է, ու կոպիտ ձևով ոտնահարվել են նրա իրավունքները: Գրիգորյանը ենթարկվում է բիրտ ճնշումների:

Այս ամենը գալիս է ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե նոր որակի Հայաստան կերտող գործիչ է, այլ հիվանդագին բարդույթներով տառապող պատմական պատահականություն: Այդ պատահականությունը օրինաչափորեն կհայտնվի իրեն հատկացված տեղը: Հարցը տվյալ դեպքում այն է, որ մինչև հայտնվելը նրա գործած ավերածությունների գինը Հայաստանի ու Արցախի վրա թանկ չնստի:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը