Աշխարհ

29.07.2019 21:13


Քուրդ պատգամավոր. «Թուրքիան պետք է առերեսվի 1915թ.-ի հետ»

Քուրդ պատգամավոր. «Թուրքիան պետք է առերեսվի 1915թ.-ի հետ»

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության Սիիրթ քաղաքից ընտրված ազգությամբ քուրդ պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշը Սթոքհոլմում մասնակցել է ասորիների ցեղասպանությանը նվիրված ժողովին։

Մինչ ժողովին մասնակցելը՝ Բեշթաշը Շվեդիայում հանդիպել է ասորական համայնքի մի շարք կազմակերպությունների հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության հարցին, Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությանը երկրի ներսում։

«Գոյություն ունի 1915թ.-ի ցեղասպանության հարցը։ Պետք է առերեսվել դրա հետ և փորձել լուծում տալ։ Կան Դերսիմի և մի շարք այլ կոտորածները: Առերեսումը լուրջ ներդրում է ունենալու այդ հարցերի լուծման գործում»,-ասել է պատգամավորը։

Այնուհետև նա անդրադարձել է Թուրքիայում քրդական հիմնախնդրին՝ նշելով, որ թուրքական իշխանությունները մինչ այժմ շարունակում են խտրական քաղաքականոթյունը քրդերի նկատմամբ։

«Դուք մինչև հիմա արգելք եք սահմանում քրդերենի նկատմամբ։ Մինչև հիմա մայրենի լեզվով կրթություն հնարավոր չէ ստանալ։ 7 հատ կուսակցություն եք փակել։ Այս հարցերը պետք է լուծվեն։ Պետությունը չպետք է միջամտի հավատքի հարցերին։ Պետությունը հավատք և կրոն չունի։ Թուրքիայում միակ բանը, որ ընդունելի է, քաղաքացի հասկացությունն է։ Եթե թուրք ես, սուննի ես, մուսուլման և տղամարդ, ուրեմն ընդունելի քաղաքացի ես, իսկ, եթե քուրդ ես, հայ, ասորի և կին ես, ուրեմն ընդունելի չես»,- եզրափակել է քուրդ Բեշթաշը։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը