Հարցազրույց

30.07.2019 08:51


«Դատավորներն արդեն նոր տեր գտել են»․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)

«Դատավորներն արդեն նոր տեր գտել են»․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)

Factor TV-ի զրուցակիցն է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը

-Մեկ տարի է` Ռոբերտ Քոչարյանը քրեական հետապնդման տակ է։ Իշխանությունները հայտարարել են նաև, որ բացահայտվել է Մարտի 1-ը։ Իսկապե՞ս բացահայտվել է։

-Մի քիչ ավելի ընդլայնված պատասխանեմ։ Հիշում եմ, որ մինչև իշխանափոխությունն ասել եմ, որ Մարտի 1-ն ընդհանրապես չի բացահայտվելու՝ նկատի ունենալով զոհերի մահվան հանգամանքները, ովքեր են կրակել։ Երբ իշխանափոխություն եղավ, ասացի՝ ես սխալվել եմ, որովհետև չէի սպասում իշխանափոխություն։ Ես նույնպես անհամբեր սպասում էի, որ բացահայտվեն Մարտի 1-ի դեպքերը, ամենակարևորը՝ զոհերի մահվան հանգամանքները։ Ոչ միայն զոհերի, այլև՝ հարյուրավոր վիրավորների։ Ես համարում էի, որ սա ոչ միայն քաղաքական հարց է, այլ առաջին հերթին քաղաքական է, բայց նաև իմ ներքին համոզմունքը կա այլ քրեական գործերով՝ մեր իրավական մարմինների ոչ պրոֆեսիոնալ լինելը։ Դատաձգաբանական, տեղազննական, էլ չեմ ասում ԴՆԹ անալիզներ, ոչ մի այդպիսի հմտություններ չունեն, զուտ իրենց բացահայտումները, եթե քաղաքական կամք կա, պատվեր կա քաղաքական, լինում են օպերատիվ տվյալների կամ ցուցմունքների հիման վրա։ Իսկ մենք գիտենք` ինչպես կարող են կորզվել ցուցմունքները։

Համենայնդեպս, ցավով եմ ասում, բայց, կարծես թե, երկրորդ անգամ եմ սխալվել, որովհետև մինչև այժմ այդ 10 հոգու սպանության հետ կապված որևէ հարց պարզված չէ։ Երբ Քոչարյանին ձերբակալեցին, կարծես թե, ձուկը գլխից բռնեցին։ Ես նրա իշխանության տարիների ամենախիստ քննադատներից եմ եղել։ Անհամբեր սպասում էի բուն դատավարությանը։ Որպեսզի տեսնեի կողմերի հիմնավորումները, որովհետև հիմա դեռևս ինձ համար փաստարկ չէ փաստաբանների և այլ իրավաբանների ասածները։ Սակայն այն, ինչ կատարվում է նրա խափանման միջոցի հետ կապված, վստահ կարելի է ասել՝ արդար դատաքննության խախտում է տեղի ունենում։

-Տեսակետ կա, որ դատական իշխանությունը շարունակում է ծառայել նախկիններին, և նոր իշխանությունը այլընտրանք չունի որոշ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու առումով։

-Սամվել Բաբայանի գործի ժամանակ, «Սասնա ծռերի», Անդրեաս Ղուկասյանի գործի ժամանակ դատավորները ծառայում էին նախկիններին, չէ՞։ Ի՞նչ եղավ իշխանափոխությունից հետո՝ դատավորներն անկախացա՞ն, թե՞ նոր ցուցում ստացան, երբ Անդրեաս Ղուկասյանի, Սամվել Բաբայանի և «Սասնա ծռերի» խափանման միջոցները փոխվեցին։

-Իշխանություններն ասում են՝ չենք ուզում, որ դատավորները մեզ ծառայեն։

-Էդ դեպքում հարց է առաջանում՝ կամ այդ դատավորներն առաջ ծառայում էին նախկիններին, հետո անկախացան, կամ առաջ ծառայում էին նախկիններին, հետո ցուցումով ազատ արձակեցին մյուսներին։

-Փաշինյանն ինքն է ասում, որ դատավորները տեր են փնտրում։

-Իմ վրա ծանր անդրադարձավ Փաշինյանի այդ խոսքերը, նա ասաց վնգստոց, բան։ Ի՞նչ է նշանակում, որ տեր են փնտրում։

-Ուզում է ասել, որ սովոր չեն անկախ աշխատել։

-Իսկ որտե՞ղ է երևացել, որ դատավորները անկախություն չեն ուզում և տեր են փնտրում։ Նիկոլ Փաշինյանի ասածի մեջ մեծ ճշմարտություն կա, ի դեպ։ Քանի որ դատավորները չեն պատկերացնում իրենց անկախ լինել և նրանց գերակշիռ մասը նախկինում ծառայել է նախկիններին, հիմա ծառայում են նորերին։ Այսինքն, տեր գտել են։

-Ձեր կարծիքով իշխանությունն ինչո՞ւ հրաժարվեց համընդհանուր վեթինգից։

-Ես կողմ եմ եղել վեթինգին, բայց վեթինգը պետք է լիներ օրենքով, հիմա չեմ ասի, թե՝ սահմանադրական փոփոխություններով, դա հենց սկզբից պետք է լիներ։ Վեթինգի հանձնաժողովը պետք է լիներ միանգամայն չեզոք հանձնաժողով, քաղաքական որևէ համակրանքից զերծ անձանցից, բայց դա էլ չարվեց։ Պարզվեց դա պետք է անի ԲԴԽ-ն, որի նոր կազմը նորացված հին կազմն է, որի ձևավորման մեջ, իմ տեղեկություններով, դեր ունի նաև ԱԱԾ-ն։ Ամբողջ այն հին դատավարական կազմը այսօր էլ նույն ձևով պատրաստ է ծառայել նոր իշխանություններին, հենց այդ պատճառով էլ վեթինգ չի արվում, իսկ ԲԴԽ-ն վեթինգ կանի այն դատավորների նկատմամբ, որոնք հնազանդ չեն։

Այս խորագրի վերջին նյութերը