Լրահոս

16.04.2010 13:17


Ավետիք Իշխանյան. «Մենք ունենք դատարաններ, որոնք կատարում են գործադիր իշխանության հրամանները»

Ավետիք Իշխանյան. «Մենք ունենք դատարաններ, որոնք կատարում են գործադիր իշխանության հրամանները»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն անդրադառնալով Աբովյան 4 հասցեում գտնվող «Միլանո» խանութի վտարմանը՝ ասել է, թե դատարանների վճիռների և դատական ակտերի հարկադիր կատարման գործողությունների մեջ այնքան ակնառու սխալներ են եղել, որ նույնիսկ աբսուրդի են հասնում։

-Սա, փաստորեն, պետական կարիքների հերթական զոհն է, որովհետև 2001-ից  սկսվեցին սեփականության զավթումները,  և մեր բոլոր տեսակի պայքարները մեծ արդյունք չտվեցին,-ասել է նա։

Ըստ Ավետիք Իշխանյանի՝ գերակա շահի մասին օրենքը շատ հեղհեղուկ է, և շատ վիճելի է կառավարության այն  որոշումը, թե այսինչ շինության օտարումը գերակա շահի համար է։

-Այստեղ խնդիր կա։ Մենք որոշում ենք գերակա շահը և որոշում ենք վերցնել շինությունը, բայց սեփականատերն ինքը կամ էլ անկախ գործակալությունը պետք է գնահատեն գույքը, այլ ոչ թե իրենց գործակալությունները գան և իրենց պատվերով գնահատեն։ Իսկ մեզ մոտ ամեն ինչ խախտվում է, և հսկայական գումար է մարդ կորցնում, երբ, ասենք, ինչպես «Միլանոյի» դեպքում, մի հարկը չեն հաշվում,-հավելել է նա։

Իրավապաշտպանն ընդգծել է, որ նման իրավիճակները շատ վտանգավոր  են։

-Սա ցույց է տալիս ոչ իրավական պետության դատարանների ողորմելի վիճակը, որն ամեն քայլափոխի տեսնում ենք։ Ես միշտ ասել եմ, որ դատական իշխանությունը որևէ պետության ողնաշարն է, իսկ մենք չունենք դատական իշխանություն։ Մենք ունենք դատարաններ, որոնք կատարում են գործադիր իշխանության հրամանները-ասել է Ավետիք Իշխանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը