Մեկնաբանություն

31.07.2019 10:30


Երբ «առաջնորդի» անցյալը խոր հակասության մեջ է ներկայի հետ

Երբ «առաջնորդի» անցյալը խոր հակասության մեջ է ներկայի հետ

Անցյալի ուրվականը` «թույն» ընդդիմադիր լրագրող եւ պատգամավոր եղած ժամանակ հայտնած «սկզբունքային դիրքրոշումները» բառի բուն իմաստով հետապնդում են` հանգիստ չեն տալիս Նազարի բախտով իշխանության գագաթին հայտնված Նիկոլ Փաշինյանին. սկսած «օկուպացված տարածքները» ձեռքից չտալու «ազգայնական նկրտումների» կոշտ քննադատությունից եւ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու անդառնալի վնասների մասին կրքոտ ելույթներից, վերջացրած կուտակային կենսաթոշակները, տեսանկարահանող սարքերն ու արագաչափերը պատմության աղբանոց շպրտելու վերաբերյալ ճղճղան հայտարարություններով։

ՖԲ օգտատերերից մեկը արխիվից հանել է Փաշինյանի ընդդիմադիր անցյալի եւ իշխանապետական ներկայի անհամատեղելիության անհայտ մի դրվագ եւ շրխկացրել երեսին, որպես պերճախոս վկայություն, որ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը որեւէ ընդհանուր եզր չունի սկզբունքայնության եւ հետեւողականության հետ. ձեռնոցի պես փոխում է իր մոտեցումները`քամելեոնի պես հարմարվելով ժամանակի «թելադրանքին» անգամ արտաքուստ անկարեւոր հարցերում, ինչպիսին, օրինակ, Վարդավառի տոնն է։

Պարզվում է, Նիկոլ Վովաեւիչը «փոքրուց» է կռիվ տալիս «հին կարծրատիպերի» դեմ` դեռ այն ժամանակներից, երբ աշխատում էր «վաղամեռիկ» Լրագիր օրաթերթում։ Եվ, հանդես գալով Վարդավառը տոնելու «պատրվակով» իրար ջրելու ավանդույթի դեմ` սեւով սպիտակի վրա գրել է. «Հայաստանը բախումների երկիր է։ Ոչ միայն նախընտրական բախումների։ Այստեղ բախվում են ազգային ավանդույթները եւ ժամանակակից միջազգային սկզբունքները»։ Տվյալ դեպքում, ըստ նրա` «վարդավառյան ավանդույթները» խորապես հակասում են ոչ միայն Մարդու իրավունքների հռչակագրին, այլեւ Հայաստանի «նոր-նոր ընդունված Սահմանադրությանը»։

Ինչպե՜ս կարելի է հանդուրժել, որ «մի շարք վարդավառամետ քաղաքացիներ», առիթից օգտվելով, ջուր լցնեն անցորդների եւ հասարակական տրանսպորտի ուղեւորների վրա` կոպտորեն խախտելով անձի ազատության եւ անձեռնմխելիության իրավունքը։ Իրավապահներն էլ մատը մատին չեն խփում` որեւէ քայլ չեն ձեռնարկում օրինազանցներին կարգի հրավիրելու համար։ Հիմա` Նիկոլի թվին, իրավիճակը որակապես փոխվել է. իրավապահներն իրե՛նք են «խախտում» Սահմանադրությունը` ակտիվորեն մասնակցելով վարդավառամետ քաղաքացիների հակասահմանադրական գործողություններին։

Լուլույի ականջը կանչի. ասում էր` Ազգային ժողովի մոտ խալի ենք լվանում, որովհետեւ պարտավոր ենք «լավագույնս» պրոպագանդել մեր «ազգային ավանդույթները»՝ ի դեմս Վարդավառի տոնակատարության, մեր հասարակությանը եւ աշխարհին ցույց տանք, թե «այս իշխանությունը», Վարդավառի սահմանադրականությունը վիճարկող Փաշինյանի գլխավորությամբ, ի՜նչ ուշադիր է եւ ի՜նչ դուխով, շախով, շուխով, «հավուր պատշաճի» է նշում հազարամյակների խորքից եկող ազգային այդ ավանդույթը...

Ստամբուլյան կոնվենցիան եւ «ազգային ավանդույթները»

Ի դեպ` «ժամանակակից միջազգային սկզբունքների» մասին։

Փաշինյանի նշանակած դեղնակտուց Արդարադատության նախարարը փորձել է հերքել տարածված կարծիքը, թե Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու շարժառիթը` բուն նպատակը, ոչ թե բռնության դեմ պայքարն է, այլ երրորդ սեռ ասածի լեգիտիմացումը եւ միասեռական «ամուսնություններն» օրինականացումը։ Ասել է. «Կոնվենցիան որեւէ կերպ չի նախատեսում միասեռական ամուսնությունների օրինականացում։ Զավեշտալի է խոսել նույնիսկ միասեռական զույգերի կողմից որդեգրման իրավունքի ճանաչման կամ նմանատիպ երեւույթների մասին»։

Իսկ ահա նախարարության աշխատակիցը «կողքից», ի պատասխան լրագրողի դիտարկման, թե անգամ Մեծ Բրիտանիան չի վավերացրել սույն տխրահռչակ փաստաթուղթը, վստահեցնում է` Մեծ Բրիտանիան դրա կարիքը չունի. «Մեծ Բրիտանիայում 2002թ.-ից օրենքի ուժով լեգալացված է միասեռ ամուսինների կողմից երեխա որդեգրելը, իսկ 2014թ.-ից` միասեռ ամուսնությունները»։

Այնպես որ, ինքներդ դատեք. էդ «անտերը» կապ ունի՞ մեր հանրության համար անընդունելի «նմանատիպ երեւույթների» օրինականացման հետ, թե՞ նախարարը փափուկ բարձ է դնում գլխներիս տակ` ասելով, որ նման բան չկա ու չի կարող լինել։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը