Լրահոս

16.04.2010 13:34


Ըստ ԲՀԿ–ի՝ ազատագրված տարածքներից քանի՞սը կարող ենք զիջել

Ըստ ԲՀԿ–ի՝ ազատագրված տարածքներից քանի՞սը կարող ենք զիջել

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը «Դե ֆակտո» ակումբում ներկայացրել է՝ ինչպիսին կարող է լինել Հայաստանի պատասխան քայլը, եթե Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները վավերացնի վերապահումներով։ Ա. Սաֆարյանը նշել է, որ Թուրքիայի վերապահումներում Հայաստանից կարող են պահանջվել ղարաբաղյան կարգավորման գործընթացում միակողմանի քայլեր կամ էլ ինչ-ինչ այլ զիջումներ։

-Եթե վավերացումը գնաց վերապահումների լեզվով ու ճանապարհով, ինչը միջազգային կոնվենցիաներով նախատեսված երևույթ է, ապա ես վստահ եմ, որ մենք կհավաքվենք Հայաստանի հիմնական քաղաքական ուժերով գուցե նոր լսումների մեր խորհրդարանում և կորոշենք կա՛մ վարվել ճիշտ նույն կերպ՝ արձանագրությունները վավերացնել վերապահումներով՝ համապատասխանաբար զուգորդելով դրանք քաղաքական հայտարարությամբ, կա՛մ, ինչո՞ւ ոչ, չենք վավերացնի,- ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղարը։

Նա նաև ավելացրել է, որ «Բարգավաճ Հայաստանը» դեմ է ԼՂ-ի հարցում Հայաստանի միակողմանի զիջումներին հանուն հայ-թուրքական երկխոսության։

«Իսկ կո՞ղմ եք, որ ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի դիմաց անվտանգության գոտիները հանձնվեն Ադրբեջանին, ինչպես որ ՀՀ նախագահն էր հայտարարել» «7օր»-ի հարցին Ա. Սաֆարյանը պատասխանել է, որ նախ և առաջ Ադրբեջանի կողմից իրավականորեն և միջազգայնորեն պետք է ճանաչվեն ԼՂՀ ինքնիշխանությունը և անկախությունը.

-Եթե այս ազդանշանը մենք Ադրբեջանի կողմից ստացանք, մնացած բոլոր զիջումները կոնկրետ խնդիրներ են, որոնցով նստելու և վարվելու են այդ բանակցությունները։ Մենք սպասում ենք ԼՂՀ անկախության ճանաչման ազդանշաններին Ադրբեջանի կողմից։

«Դրա դիմաց ազատագրված տարածքներից քանի՞սը կարող ենք զիջել» հարցին էլ Ա. Սաֆարյանը պատասխանել է.

-Երբ այդ ազդանշանները կլինեն, մի անգամ էլ կհավաքվենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը