Լրահոս

16.04.2010 13:56


Պետական կարիքների հերթական զոհերը

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, որ Երևանի Աբովյան 4 հասցեում գտնվող «Միլանո» խանութն օրենքի կոպիտ խախտումով մարտի 15-ին դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների կողմից վտարվել է զբաղեցրած շենքից։ Ըստ փաստաբանի՝ դատարանի կողմից տարածքը վերցվել է «հասարակության և պետության կարիքների համար» և փոխանցվել կառուցապատողին՝ «Ավո Ֆ. Մ. Հ.» ՍՊԸ-ին։

-Խանութն ունի 125,5-ական քառակուսի մետր մակերեսով 2 հարկ, որոնցից յուրաքանչյուրն օրինական շինություն է որպես այդպիսին, գրանցված է անշարժ գույքի կադաստրի կողմից և նշված է սեփականության վկայականում։ Դատարանի վճռով, սակայն, սեփականատիրոջը հատուցում է հատկացվել միայն մեկ հարկի դիմաց, իսկ գույքի մնացած հատվածը՝ երկրորդ հարկը, ինչպես նաև նկուղն ու երրորդ հարկը, որոնք համարվում են ինքնաշեն կառույցներ, պարզապես խլվել են սեփականատիրոջից և տրվել «Ավո Ֆ. Մ. Հ.» ՍՊԸ-ին։ Թեև դատարանի վճիռներով նախատեսված էր սեփականության իրավունքի օտարման պայմանագրի կնքում, սեփականության արժեքի փոխհատուցում, այնուհետև միայն վտարում, ԴԱՀԿ ծառայությունը վճռի պահանջներից կատարել է միայն վտարումը, որից հետո ավարտել է կատարողական վարույթը՝ անկատար թողնելով վճռի մնացած պահանջները,-նշել  է Հայկ Ալումյանը։

Նրա խոսքերով՝ վտարման մասին սեփականատերն իմացել է ԴԱՀԿ-ի գործողություններից մեկ օր առաջ և այսօր էլ առանց փոխհատուցման և պայմանագրի կնքման վտարված է իր սեփականությունից։

-Մենք պատրաստել ենք գանգատ ՄԻ Եվրոպական դատարան, որը նկարագրված խախտումներով աննախադեպ կլինի այդ կառույցի համար և խիստ բացասական հետևանքներ կունենա ինչպես Հայաստանի միջազգային վարկանիշի, այնպես էլ պետական բյուջեի կառուցման համար, որի հաշվին հատուցվելու են սեփականատիրոջը պատճառված հսկայական գույքային ու բարոյական վնասները,-ընդգծել է Հայկ Ալումյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը