Մեկնաբանություն

31.07.2019 22:55


Ի՞նչն է միավորում Արամ Աբրահամյանին ու Նիկոլ Փաշինյանին

Ի՞նչն է միավորում Արամ Աբրահամյանին ու Նիկոլ Փաշինյանին

Եթե կարճ պատասխանենք հարցին, ապա սրանց միավորում է աբիժնիկությունը: Ռոբերտ Քոչարյանից աբիժնիկ լինելը: Իսկ թե ինչու է այդպես ստացվել, կներկայացնենք ստորև:

Քիրվայությամբ մկրտվածները

Արամ Աբրահամյանն ու Նիկոլ Փաշինյանը թերթի գլխավոր խմբագիրներ են: Առաջինը խմբագրում է «Առավոտ» օրաթերթը, իսկ երկրորդը՝ «Հայկական ժամանակը»: Փաշինյանը վարչապետ է դարձել, բայց փաստացի մնացել է էժանագին թերթի գլխավոր խմբագրի հոգեվիճակում:

Արամն ու Նիկոլը քիրվայական արեալի ներկայացուցիչներ են: Նրանք կայացել ու աճել են Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարական ու Վանո Սիրադեղյանի ֆինանսական հովանու ներքո: Իսկ դա նշանակում է, որ Քոչարյանի դեմ նրանք մոտիվացված են նաև «սերգոջանային» կոդի շրջանակներում:

Երկուսին էլ «տեխնիկական» աջակցություն է ցուցաբերել ՀՀ առաջին օլիգարխ ու սափրագլուխների առաջին խմբաքանակը ներմուծող Խաչատուր Սուքիասյանը (ի դեպ, եթե Վանոն ու «Գռզոն» չլինեին, ապա Նիկոլը կմնար բուլկու և պերաշկու հույսին ու լավագույն դեպքում Իջևանում անտառահատումներով կզբաղվեր, թեև մյուս կողմից էլ Նիկոլը մարդու այն տեսակն է, որ եթե Վանոն չլիներ, ապա նա մեկ ուրիշ տեր կգտներ՝ իր թաքվնած կոմպլեքսները մայրաքաղաքում հաղթահարելու և մարդկանց նկատմամբ ունեցած պաթոլոգիկ վրեժը լուծելու համար):

Երկուսն էլ իրենց թերթերը ծառայեցրել են մուտիլովկաներ անելու, քաղաքական պատվերներ կատարելու և, ի վերջո, իրենց գրպաններում աղքատությունը հաղթահարելու համար:

Նիկոլի տարբերությունն Արամից այն է, որ նա գեղցի է ու ամբիցիոզ, իսկ ահա Արամը ցինիկաբար չի էլ թաքցնում, որ թերթով ինքն ընդամենը փող է կպցնում:

Արցախի հարցում երկուսն էլ քիրվայական կոդի կրող են: Այսինքն՝ լևոնական են: Երկուսն էլ Լևոն Տեր-Պետրոսյանին են կցված եղել: Արամ Աբրահամյանը եղել է 1-ին նախագահի մամլո խոսնակը, իսկ Նիկոլ Փաշինյանը 2008-ի լևոնական հանրահավաքների դիջեյն էր և մարտի 1-ին տեղի ունեցած բախումների գլխավոր հրահրիչն ու 10 զոհերի հիմնական պատասխանատուն:

1998-ի իշխանափոխությունից հետո Վանոյենք Նիկոլի վրա «ստավկա» արեցին ու նրա միջոցով սկսեցին պղտորել մթնոլորտը: Որպես շուստրի-գեղցի, Նիկոլը հաճույքով կատարում էր իրեն տրված հանձնարարություններն ու ձգտում դեպի իր սրտի «Նիսան Քաշքայը», այսինքն՝ փող աշխատում: Նրա շուստրիությունն այն էր, որ նա հաջողացնում էր նաև փող կպցնել իշխանական շրջանակներից:

Հիմա հարց է առաջանում: Բա եթե «սերժառոբական» ժամանակներում, ինչպես Նիկոլն է պնդում, ամեն ինչ իշխանության ձեռքում էր ու մամուլն էլ ազատ չէր, ապա ինչպե՞ս է ինքը փթթել այդ ժամանակահատվածում, թերթ պահել ու ընդդիմություն աշխատել:

Ինչո՞ւ էր թիրախավորված Քոչարյանը

1998-ից հետո Արամի ու Նիկոլի հիմնական թիրախը եղել է Ռոբերտ Քոչարյանը: Պատճառը ոչ միայն պատվերն էր, այլ նաև այն, որ 2-րդ նախագահը միակն է եղել 4 նախագահներից, որ որևէ կերպ չի փորձել իր հետ գործարքի մղել այս երկուսին, թեև վերջիններս կողմ կլինեին դրան: Աբիժնիկությունը նաև այդտեղից է գալիս:

Քոչարյանը սրանց չէր հաճախորդացնում, բայց չէր էլ խոչընդոտում, որպեսզի ցեխավիկություն անեն: Օրինակ, «Հայկական ժամանակ» թերթը Քոչարյանի նախագահության տարիներին ծաղկում էր, և իշխանությունները չէին խանգարում այդ ծաղկմանը: Շուստրի-գեղցին նույնիսկ հաջողացրել էր իշխանության թևերից մեկի հետ այնպիսի պայմանավորվածություն ձեռք բերել, որ ՀԺ-ի ամբողջ տպաքանակն առանց վերադարձի գնվում էր, ինչը հսկայական ֆինանսական միջոցներ էր բերում Նիկոլին: Թե ինչու էր իշխանության թևերից մեկն այդքան երես տալիս Նիկոլին, այլ խոսակցության թեմա է:

Ինչ մնում Արամին, ապա սրան ևս լավ էին նայում ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական որոշակի շրջանակներից:

Քոչարյանի ոճի մեջ չէր խմբագիր «երկխոսացնելը», և նրան չսիրեցին «ազատ» խոսքի կողմնակիցները:

Քոչարյանը տեսակետ ուներ և կարող էր հանուն իր տեսակետի հակառակ կողմի հետ կռիվ տալ: Դա դուր չէր գալիս ցեխավիկներին և գեղցիներին: Այդ իսկ պատճառով էլ 2-րդ նախագահը դարձավ մշտական թիրախ:

Հաճախորդությամբ միաբանվածները

2008-ին Քոչարյանի նախագահության ժամկետն ավարտվեց, ու նա հեռացավ: Սերժ Սարգսյանի նախագահության շրջանը դարձավ Արամ Աբրահամյանի ու Նիկոլ Փաշինյանի (և ոչ միայն նրանց) համար ոսկեբեր ժամանակահատված ու ֆինանսական աճի փուլ:

Արամ Աբրահամյանը շարունակում էր «անկախ» խաղալ՝ զուգահեռաբար աշխատելով մի քանի հեռուստաընկերությունում, այդ թվում՝ Հանրայինում:

Ինչ մնում է Նիկոլին, ապա իր իսկ կողմից քննադատվող սերժառոբական ժամանակահատվածում (հատկապես՝ սերժականում) նա երկու անգամ պատգամավոր է ընտրվել (եթե Նիկոլի նկարագրմամբ մինչև հեղափոխությունը եղել է բռնապետություն և տոտալ ընտրակեղծիք, ապա դա նշանակում է, որ նույն Նիկոլը պատգամավոր է դարձել իշխանական «դաբրոյով», իսկ եթե այդպես չէ, ապա Նիկոլը ստել է բռնապետության ու ընտրակեղծիքների թեմայով), հայտնի «Նիսան Քաշքայի» տեր դարձել ու կրկին հաղթահարել աղքատությունը գրպանում (ուղեղում այն չի հաղթահարվել ու չի հաղթահարվելու, քանզի դա դիագնոզ է):

Ի դեպ, ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի հետ էլ Նիկոլի ու Արամի հարաբերույթունները վատ չեն:

Նիկոլը «մոռացել» է Սարգսյանի քաղաքացիության ու մշտական բնակության մասին իր քննադատությունները, իսկ վերջինս համաձայնել է դրա դիմաց բավարարել Նիկոլի կապրիզները: Տեղի է ունեցել փոխշահավետ գործարք:

Արամ Աբրահամյանն էլ, դատելով իր պահվածքից ու թերթի քաղաքականությունից, Արմեն Սարգսյանի հետ «տակից» խաղեր տալու ռեժիմի մեջ է:

Մի խոսքով, սույն հաճախորդները չեն «շփվել» միայն Քոչարյանի հետ: Դրա համար էլ Նիկոլը կալանավորել է 2-րդ նախագահին, իսկ Արամը ողջունում է Նիկոլի ապօրինությունները (տեղին է հիշեցնելը, որ Աբրահամյանը մինչև Նիկոլի վարչապետ դառնալը դեմ էր արտահայտվում նույն Նիկոլին, իսկ հիմա վերջինիս բազում ծառայություններ է մատուցում, մասնավորապես, Քոչարյանի դեմ հանդես գալու հարցում):

Ուշագրավն այն է, որ Արամը, կամա թե ակամա, խոստովանել է, որ քաղաքական դաշտում ինքը պատրաստ է գործարքի գնալ ու փաստացի գնացել է բոլորի հետ, բացի՝ Ռոբերտ Քոչարյանից: Դրանից ավելի լավ գնահատական Քոչարյանին դժվար թե որևէ մեկը տար:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Մեր հանրության մի մասը, թերևս, տեղյակ չէ, որ նախորդ տարվա դեկտեմբերին քվեակելով «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ իր ձայնը տվել է մեկ ընտանիքի՝ Փաշինյանների մեծ ընտանիքին:

Այդ ընտանիքի բոլոր անդամներն իրենց դերակատարումն ունեն պետական կառավարման գործում: Նրանք տեսակետներ են հայտնում աշխարհաքաղաքական, կրթական, ներքաղաքական, ֆինանսական, մշակութային ու այլ հարցերի վերաբերյալ:

Խոսում են բոլորը: Նիկոլ Փաշինյանի հորից մինչև կին, աներձագից մինչև զարմիկ, մեծ աղջկանից մինչև Նիկոլ:

Այսօր հերթը հասել էր քաղաքական դաունիզմով տառապող աներձագին, որը համատեղությամբ նաև պատգամավորի աշխատավարձ է ստանում հարկատուներիս հաշվին: Նա խոսել է ու ստացվել է ինչպես միշտ:

Նիկոլի վկա «Ազատությանը» տված հացազրույցում անդրադառնալով Քոչարյանի հարցազրույցին՝ Հրաչյա Հակոբյանը ասել է. «Որևէ ուժ եթե ուզում է քաղաքական գերեզմանում հայտնվել, իր անունը թող կապի Քոչարյանի հետ»:

Դժվար է ասել, թե ինչու է աներձագը որոշել «փչացնել» փեսային և ուղարկել նրան քաղաքական գերեզման, բայց փաստն այն է, որ «փչացրել» է և ուղարկել:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքական դաշտում թիվ մեկ մարդը, ում անունը կապվել է Քոչարյանի անվան հետ, դա Նիկոլ Փաշինյանն է: Նա այնքան է ապրում Քոչարյանով, որ դարձել է նրա գերին: Փաշինյանն այլևս իրեն կապել է Քոչարյանի հետ, ու նրա ձեռքից պրծում չի ունենալու:

Այս խորագրի վերջին նյութերը