Լրահոս

16.04.2010 15:40


ԵՊՀ–ում տեղի է ունեցել ջավախահայերի հիմնախնդիրներին նվիրված քննարկում

ԵՊՀ–ում տեղի է ունեցել ջավախահայերի հիմնախնդիրներին նվիրված քննարկում

Ապրիլի 16-ին Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները ջավախահայերի հիմնախնդիրներին նվիրված քննարկում էին կազմակերպել, որին ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն ու ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Շիրակ Թորոսյանն անդրադառնալով Ջավախահայերի իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի գործունեությանը՝ նշել է, որ խորհուրդը լայն աշխատանքներ է սկսել միջազգային կազմակերպությունների և մեծ տերությունների դեսպանատների հետ՝ փորձելով ջավախահայության հիմնախնդիրները և նրանց իրավունքների պաշտպանության հարցը  բարձրացնել այդ մակարդակներով.

-Մենք դիմել ենք և՛ ՄԱԿ-ին, և՛ Եվրախորհրդին, և՛ ԵԱՀԿ-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը և քայլեր ձեռնարկել՝ ԱՄՆ-ում հայկական լոբբիի ջանքերն ուղղորդելու նաև դեպի ջավախահայության խնդիրների լուծում,- ասել է Շիրակ Թորոսյանը։

Արծվիկ Մինասյանը նշել է, որ ակնհայտորեն ջավախահայությունն իր բնօրրանում ենթարկվում է թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական իրավունքների ոտնահարման։ Նա նշել է, որ ոչ միայն բովանդակ հայ ժողովրդի, այլև հենց վրացիների շահերից է բխում Ջավախքի նկատմամբ վերաբերմունքի փոփոխութունը։ Նրա կարծիքով տարիներ շարունակ բարձրացվող խնդիրները լուծում չեն ստանում առաջին հերթին վրացական իշխանությունների սխալ ընկալման հետևանքով, քանի որ նրանք ոչ միայն չեն տեսնում հայ ազգի հավաքական կամքը, այլև շատ հաճախ փորձում են տուրք տալ նաև թուրք-ադրբեջանական ձգտումներին։

-Ակնհայտ է, որ ջավախահայերի խնդիրները միայն Ջավախքինը չեն։ Հայաստանի իշխանություններից առաջին հերթին պահանջվում է վճռականություն և գործողություններ նախ միջազգային կառույցներում Վրաստանի կողմից ստանձնած պարտավորությունները կատարելուն հարկադրելուն և պահանջներ ձևակերպելուն։ Երկրորդ՝ իրականացնելու կոնկրետ ծրագրեր երկկողմանի համաձայնագրի հիման վրա սոցիալ-տնտեսական զարգացման, այդ թվում նաև այնպիսի ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ, որտեղ ջավախահայերն ազատորեն կարողանան ՀՀ և Վրաստանի որևէ տարածք հանգիստ և առանց խոչընդոտի գնալ, գալ, իրականացնել տնտեսական գործունեություն, բայց ամենակարևորը՝ քաղաքական իրավունքների երաշխավորություն։ Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները կարող են և պետք է ձգտեն Վրաստանի հետ հարաբերություններում հայ տարրի իրավունքները պաշտպանել,- ընդգծել է Արծվիկ Մինասյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը