Մեկնաբանություն

04.08.2019 11:50


«Հեղափոխությունից» առաջ և հետո

«Հեղափոխությունից» առաջ և հետո

Զարմանալի է, բայց փաստ։

«Հին Հայաստանում», երբ իշխանությունը դեռ չէր «վերադարձվել «ժողովրդին», դժգոհում էինք, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը մատների արանքով է նայում սահմանային իրավիճակն ապակայունացնելու Ադրբեջանի փորձերին` համարժեք չի արձագանքում, երբ Տավուշ կամ Նախիջեւանի սահմանում հակառակորդի կրակոցներից հայ զինծառայողներ են զոհվում։

Այն ժամանակ ընդդիմադիր կամ ընդդիմություն խաղացող Փաշինյանն ԱԺ ամբիոնից շանթուորոտ էր թափում իշխանությունների վրա, թե` բա ո՞ւր մնացին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, ՀԱՊԿ-ը՝ որպես կոլեկտիվ անվտանգության համակարգ կա՞, թե՞ չկա, եթե կա`ինչո՞ւ չի զսպում Ադրբեջանին։

«Նոր» Հայաստանում «ժողովրդի իշխանությունն», ի դեմս նույն Փաշինյանի, համառորեն չի նկատում հակառակորդի սադրիչ գործողությունները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանում։

«Ժողընտիր» վարչապետն ու իր արտգործնախարարը այդպես էլ ժամանակ չգտան կամ հարկ չհամարեցին որեւէ կերպ անդրադառնալ օգոստոսի 27-ին եւ 28-ին Հայաստան-Ադրբեջան սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում տեղի ունեցած միջադեպերին, որոնց հետեւանքով ունենք մեկ զոհ եւ հրազենային վնասվածք ստացած մեկ վիրավոր։

Փոխարենը դաշնակից Ռուսաստանն օպերատիվ արձագանքեց տեղի ունեցածին. ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով մահվան ելքով այդ միջադեպերին, հայտարարեց, որ «Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրվելու կապակցությամբ, ինչի հետեւանքով հայ զինծառայող է սպանվել, երկուստեք կան վիրավորներ»։

Ու միանշանակ արձանագրեց` լարվածության հետագա էսկալացիան անթույլատրելի է. «Դա հակասում է կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններին եւ քաղաքական ճանապարհով կարգավորման հասնելու հայտարարված մտադրություններին»։

Քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն իր հերթին կայքերից մեկին տված հարցազրույցում նշեց. Մոսկվան անհանգստացած է` «ոտնահարվում են Դուշանբեի պայմանավորվածությունները, որոնք հնարավոր դարձան, այդ թվում` Մոսկվայի ջանքերի շնորհիվ»։

Ի՞նչ է ստացվում. Մոսկվա՞ն պետք է Հայաստանի ոչ բարով վարչապետին եւ իր արտգործնախարարին հիշեցնի, որ բացի իրենց թեթեւ ձեռքով ջրված Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գրավոր արձանագրումներից կան նաեւ Դուշանբեի վերելակային պայմանավորվածություններ, որոնք Ադրբեջանը ցուցադրաբար անտեսում է։

Կարո՞ղ է «ժողովրդի վարչապետը» դեռ չի կողմնորոշվել` մե՞նք ենք մեղավոր մեր զինծառայողի սպանության համար, թե՞ ադրբեջանական կողմը, դրա համա՞ր չի շտապում «անհիմն» հայտարարություններով հարվածի տակ դնել քիրվայական հարաբերությունները «կիրթ» Ալիեւի հետ։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը