Հարցազրույց

06.08.2019 19:09


«Դմփ-դմփ-հու»-ն փոխարինեց «Արցախը Հայաստանն է, և վե՛րջ»-ով. Փաշինյանը չի հաշվարկել իր հայտարարությունների հետևանքները

«Դմփ-դմփ-հու»-ն փոխարինեց «Արցախը Հայաստանն է, և վե՛րջ»-ով. Փաշինյանը չի հաշվարկել իր հայտարարությունների հետևանքները

«Միանշանակ է, որ նման կոչերը ադրբեջանական կողմն օգտագործելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձեռամբ կամ միջազգային այլ հարթակներում Հայաստանի վրա դիվանագիտական ճնշումներ գործադրելու համար: Արդեն երեկ մենք տեսանք , որ ադրբեջանական մամուլը այդ լուրը որպես սենսացիոն կամ գլխավոր ուղերձ սկսեց տարածել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած «միացում» կոչին:

Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վերածննդի հրապարակում ելույթն ուղեկցեց 1988թ–ի համաժողովրդական շարժման «միացում» կոչով, ապա ելույթի ընթացքում մի քանի անգամ խոսքն ընդմիջեց նույն կոչերով եւ հայտարարեց, որ «Արցախը Հայաստանն է, եւ վե՛րջ»:

Հրանտ Մելիք–Շահնազարյանի խոսքով, սակայն, ամենամտահոգիչն այն չէ, որ ադրբեջանական կողմը փորձելու է ինչ-ինչ խնդիրների պատասխանատվությունը թողնել հայկական կողմի վրա, օրինակ, հայտարարել, որ պաշտոնական Երեւանի նպատակը խաղաղության հաստատումը չէ, այլ այն է, թե որքանով է պաշտոնական Երեւանը պատրաստ արձագանքել այդ շահարկումներին:

«Գրեթե համոզված եմ, որ պաշտոնական Երեւանը կամ Նիկոլ Փաշինյանն անձամբ չի հաշվարկել նման հայտարարությունների հետեւանքները: Նա հանդես է գալիս հայտարարություններով, որոնք իրագործելու կամ որոնց հետեւանքները մեղմելու մշակումները նախապես չի ունենում: Երեկվա հայտարարությունն ընդամենը այդ պահին հրապարակում հավաքված մարդկանց աչքին լավը երեւալու ցանկություն էր, ուրիշ ոչ մի բան»,-նշում է քաղաքագետը՝ հավելելով. «Հիմա, երբ այդ կոչերը նորից հնչեցին Արցախի Վերածննդի հրապարակում, բոլորիս պարտականությունը պետք է լինի պահանջել վարչապետից՝ նախ ցույց տալ ճանապարհային քարտեզը , որը կապահովի միացումը՝ առանց սպառնալիքներ առաջացնելու հայկական երկու պետությունների համար եւ երկրորդ՝ գնալ այդ ճանապարհով, որովհետեւ, երբ հայտարարում ես, պետք է կյանքի կոչես հայտարարությունդ»:

Քաղաքագետը նաեւ հակասություններ է տեսնում Նիկոլ Փաշինյանի երեկվա եւ նախկին հայտարարությունների միջեւ: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան՝ որպես բանակցությունների լիարժեք կողմ: «Նա նախ փորձում է Արցախը, որպես առանձին սուբյեկտ ընդգծել, անընդհատ ասում է , որ այնտեղի իշխանություններն իրենք պետք է ներկայացնեն Արցախի ժողովրդին, մյուս կողմից «միացում» է ասում: Իմ համոզմամբ, երկու դեպքում էլ գործ ունենք պարզապես պոպուլիստական կոչերի ու հայտարարությունների հետ եւ ամենավտանգավորն այն է, որ Փաշինյանին չի էլ հուզում, որ իր ասած մեկ խոսքը հակասում է մյուսի , ավելին, նրան չի հուզում, որ իր որեւէ խոսք հետագայում գործ չի դառնում»,-շեշտում է Հրանտ Մելիք- Շահնազարյանը:

Ըստ քաղաքագետի, տպավորություն էր, թե երեկ հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը պարզապես իր հանրահայտ «դմփ-դմփ-հու»-ն փոխարինեց «Արցախը Հայաստանն է, եւ վե՛րջ» արտահայտությամբ: «Տպավորությունն այնպիսին էր, որ խոսքի մեջ, երբ պետք էր հրապարակում հավաքված մարդկանց աշխուժացնել, Փաշինյանը հնչեցնում էր նման հայտարարություններ , ուրիշ ոչ մի բան»,-եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը