Լրահոս

19.04.2010 10:59


Էրդողանը նորից անդրադարձել է ղարաբաղյան հարցին

Էրդողանը նորից անդրադարձել է ղարաբաղյան հարցին

Թուրքական «kanal 24» հեռուստաընկերության «Բաց հանդիպում» հաղորդման ժամանակ պատասխանելով Վաշինգտոնում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման վերաբերյալ հարցերին՝ Էրդողանն ասել է, թե Սերժ Սարգսյանն առաջարկել է ղարաբաղյան հարցը չխառնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և բացել Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը։

-Իմ պատասխանը Սարգսյանին կարճ էր։ Ես հարցրեցի նրանից 1993թ. սահմանի փակման պատճառը։ Ես նրան հիշեցրեցի, որ սահմանը փակվել է ադրբեջանական հողերի գրավումից հետո, և մինչև այդ պատճառը չչեզոքացվի, արձանագրությունները չեն մտնի Թուրքիայի խորհրդարան,- ասել է նա։

Էրդողանը նշել է, թե արձանագրությունների վավերացման համար հարկավոր է, որ երկրի բոլոր քաղաքական ուժերն այդ հարցում համաձայնության գան։

-Կարծում եմ, եթե ղարաբաղյան հարցը լուծվի, ապա հայ-թուրքական սահմանի բացման հարցում որևէ խնդիր չի առաջանա։ Դրա համար ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է աշխուժացնի իր գործունեությունը։ Ես այդ հարցը Վաշինգտոնում քննարկել եմ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Օբամայի և Մեդվեդևի հետ, ինչպես նաև վերջերս Ֆրանսիա կատարած այցիս ժամանակ նախագահ Սարկոզիի հետ։ Սակայն, չնայած դրան, նրանք արդեն 20 տարի չեն կարողանում արդյունքի հասնել,-նշել է Էրդողանը։

Նա նաև միջուկային անվտանգության գագաթնաժողովին Ադրբեջանին չհրավիրելու համար քննադատել է Վաշինգտոնին։

-Ես հստակ ասացի ամերիկյան ղեկավարությանը, որ եթե հրավիրվածների շարքում լիներ նաև Ադրբեջանը, մենք կարող էինք հանդիպումներ անցկացնել 6 երկրների մասնակցությամբ, այդ թվում նաև ԵԱՀԿ ՄԽ  համանախագահ երկրների։ Այսինքն, մենք ավելի ակտիվ հանդիպումներ կանցկացնեինք բոլոր խնդիրների վերաբերյալ։ Սակայն նրանք պատասխանեցին, որ միջոցառումը կազմակերպելիս հաշվի է առնվել պետություններում ատոմակայանի առկայության հանգամանքը, և Հայաստանը հրավիրվել է հենց այդ կապակցությամբ։ Ես նրանց հիշեցրեցի, որ Հայաստանի ատոմակայանը պատկանում է ոչ թե Հայաստանին, այլ Ռուսաստանին։ Լավ, ասենք դա այդպես է, այդ դեպքում ինչո՞ւ է հրավեր ստացել Վրաստանը. նա ատոմակայան չունի։ Դրան նրանք պատասխանեցին, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, և ԱՄՆ պետքարտուղարն Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ բացատրել է իրավիճակը,- ասել է Էրդողանը։

Այս խորագրի վերջին նյութերը