Տնտեսական

19.04.2010 15:03


Կոռուպցիոն ռիսկերը աղետի գոտու բնակարանների բաշխման գործընթացում

Կոռուպցիոն ռիսկերը աղետի գոտու  բնակարանների բաշխման գործընթացում

1.     Վիճակահանություն

Աղետի գոտու անօթևան ընտանիքներին բնակարանների բաշխումը մշտապես ընթացել է  կոռուպցիոն դրսևորումներով: Ավելին, այն երբեք չի կրել  համակարգված բնույթ, անհրաժեշտ վերահսկողության բացակայությունն էլ իր հերթին պարարտ հող է ստեղծել օրինախախտումների համար: Այդ ամենը  աղետի գոտու տնակներում ավելի քան երկու տասնամյակ պատսպարված հազարավոր անօթևաններից որևէ մեկի համար գաղտնիք չէ:

Բնակարանների բաշխման գործընթացը ընդհանուր առմամբ բաղկացած է մի քանի հիմնական գործառույթներից' անօթևանների հաշվառում և հերթացուցակի կազմում ըստ արտոնությունների, անհրաժեշտ փաստաթղթերի հավաքում և դրանց իսկության ստուգում, բնակարանների տրամադրման որոշման կայացում, հասցեագրում կամ բնակարանների բաշխում վիճակահանությամբ, և, ի վերջո համայնքապատկան կամ վաղուց սեփականաշնորհված տարածքների ազատումը ժամանակավոր կացարաններից: Թվարկվածը հիմնական բաղադրիչներն են, որոնցից յուրաքանչյուրն էլ հղի է կոռուպցիոն ռիսկերով:

Այս հրապարակումով կփորձեմ անդրադառնալ միայն մի բաղադրիչի' բնակարանների բաշխման նախավերջին'հասցեագրման փուլին, որը ներկայումս, ի տարբերություն նախորդ տարիների, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգի համաձայն իրականացվում է հրապարակային վիճակահանությամբ:

 Այդ փուլը կոռուպցիոն առումով ռիսկային է մի պարզ և միանգամայն հասկանալի պատճառով' յուրաքանչյուր ընտանիք էլ կնախընտրեր բնակվել իր համար ցանկալի' հիմնականում 2-րդ կամ 3-րդ հարկի հարավային պատուհաններով բնակարաններից որևէ մեկում:

Ահա թե ինչու աղետի գոտում անցած 20 տարիներին երբևէ իշխանությունները անօթևաններին բնակարանների բաշխումը չեն իրականացրել հրապարակային վիճակահանությամբ, քանի որ միշտ էլ  հնարավոր է եղել գտնել քաղաքացիներ, ովքեր չեն զլացել  ,հատուկ վերաբերմունքե ցուցաբերել  բնակարանների բաշխումը իրականացնողներին' իրենց ցանկալի շենքի ցանկալի հարկում, ցանկալի բնակարանը ստանալու համար, հետո նրանցից շատերը պահանջվող կաշառքի գումարը գտնելու համար ստիպված են եղել վաճառել իրենց վերջին գույքը, ոսկե զարդերը և նույնիսկ... ոսկյա ատամները:

Անշուշտ, հրապարակային և արդարացի վիճակահանությունը բացառում է կոռուպցիան բնակբաշխման այդ փուլում: Բարեբախտաբար ներկայումս այն իրականացվում է թափանցիկ, ինչը կարելի է համարել 2009-2010 թթ. բնակարանների բաշխման գործընթացի կարևորագույն ձեռքբերումներից մեկը: Նախորդ տարիների դառը փորձը հաշվի առնելով, մեր' ,Շիրակ կենտրոնե ՀԿ-ն, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ ,Աղետի գոտու անօթևանների իրավունքների պաշտպանություն, բնակարանների բաշխման գործընթացի'  պայմանագրերի և հերթացուցակների հանրային մոնիտորինգե ծրագիրը իրականացնելիս իր ուշադրության կենտրոնում է պահում և փորձում է անել առավելագույնը, որպեսզի վիճակահանությունները ընթանան հրապարակային: Այդ նպատակով յուրաքանչյուր վիճակահանությունից առաջ  տեղական հեռուստաընկերություններով հրապարակում ենք մասնակիցների ցուցակները, բոլորինը անուն առ անուն' ժամանակավոր բնակության հասցեներով հանդերձ, ինչպես նաև նրանցից յուրաքանչյուրին հեռախոսազանգով հրավիրվում ենք  մասնակցելու վիճակահանությանը և անձամբ որոշելու ապագա բնակարանի հասցեն:

Անգամ այսպիսի հրապարակայնության և հսկողության պայմաններում աղետի գոտու անօթևանների շրջանում առկա են մտահոգություններ: Օրերս կայացած վիճակահանության նախօրեին նախորդ վիճակահանությանը մասնակցած քաղաքացիներից մեկը մեզ կասկած հայտնեց, թե վիճակահանության դրվում են միայն .... չորրորդ հարկերի բնակարանները: Այսինքն, նրանց անհանգստության տրամաբանությունը հուշում է, թե ոչ բոլոր բնակարաններն են վիճակահանությամբ բաժանվում, հատկապես' այսպես ասած բոլորի համար ցակալի 2-րդ և 3-րդ հարկերինը: Ասվածից կարելի էր գալ միայն մի եզրակացության, որ բնակարանների բաշխման վիճակահանության հանձնաժողովը հանցավոր համաձայնության գալով բնակարան ստանալու հավակնորդ որոշ քաղաքացիների հետ, նրանց առանց վիճակահանությանը մասնակցելու  հատկացնում է նախընտրած բնակարանները:

Սա մեզ, անշուշտ, չէր կարող չմտահոգել: Թեև մենք մի փոքր կասկածանքով մոտեցանք այդ մտավախության իսկությանը, սակայն որոշեցինք հենց առաջիկա վիճակահանությունը ենթարկել մանրազնին դիտարկման: Նշենք, որ բնակարանների բաշխման վիճակահանությունը անցկացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարի հատուկ հրամանագրով ձևավորված հանձնաժողովը, որում ընդգրկված են նաև Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքապետը և մարզից ընտրված պատգամավորներ:

Ապրիլի 16-ին կայացած, ընթացիկ բնակբաշխման փուլի թվով 3-րդ  վիճակահանության դիտարկումները պարզապես ժխտեցին ստացված ահազանգի իսկությունը: Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճում, ուր բազմաթիվ լրատվամիջոցների ներկայությամբ անցկացվեց վիճակահանությունը, 192 բնակարան էր վիճակահանվելու, սակայն ներկա էին գրեթե կրկնակի թվով քաղաքացիներ: Ավելին, բնակարաների բաշխման հանձնաժողովի որոշմամբ թեև թույլատրվել էր հաշմանդամ ունեցող ընտանիքների համար անցկացնել 1-ին հարկերի համար առանձին' արտոնյալ պայմաններում վիճակահանություն, սակայն այդ ընտանիքների գերակշիռ մասը պարզապես հրաժարվեցին իրենց հանդեպ ցուցաբերված առանձնակի վերաբերմունքից և ցանկություն հայտնեցին մասնակցել ընդհանուր հիմունքներով: Իսկ ինչ-ինչ պատճառներով բացակա  բնակարան ստացող ընտանիքների փոխարեն բնակարանների հասցեներով թերթիկները պտտվող թափանցիկ տուփից հանեցին դահլիճից պատահականորեն ընտրված քաղաքացիները,  հիմնականում երեխաներ: Տուփից դուրս եկած յուրաքանչյուր հասցեն տեղում արձանագրվում էր բնակարան ստացող համապատասխան անձի անուն ազգանունի դիմաց:

  Իհարկե, առկա դրականը ներկայացնելով հանդերձ, մենք հեռու ենք այն մտքից, թե բնակարանների բաշխման գործընթացը ընթանում է իդիեալական պայմաններում: Քավ լիցի,  չենք էլ ուզում պնդել, թե զեղծարարությունները բացառվելու են հաջորդ վիճակահանություններում:

22 տարի շարունակ ծայրահեղ ծանր պայմաններում ապրող մեր անօթևան հայրենակիցները իրենց մաշկի վրա են զգացել ու շարունակում են զգալ բազում անարդարություններ, ինչի պատճառով լի են կասկածանքով և վախով, կասկածում  են բոլորին ու ամեն ինչում, ինչպես ասում են' աչքը տեսածից է վախենում:

Այստեղ ուզում ենք հատուկ նշել, որ հասարակությունից վախն ու կասկածանքը դուրս հանելու հարցում զգալի դեր ունեն նաև քաղաքացիական հասարակության կառույցները, իսկ իշխանությունների կողմից իրականացվող պետական ու տարածքային ծրագրերում հասարակական մասնակցության և առավելագույն հրապարակայնության ապահովումը կարևորագույն նախապայման է կոռուպցիայի եթե ոչ ամբողջովին բացառման, ապա գոնե նվազեցման համար:

Վերջում մի բան ուզում եմ նշել հատուկ նրանց համար, ովքեր պարզապես ի վիճակի չեն զերծ մնալ անգամ աղետյալների հաշվին հարստանալու գայթակղությունից: Եթե կոռուպցիան վտանգավոր է, քանզի համարվում է պետության հիմքերը խարխլող երևույթ, ապա տվյալ պարագայում'22 տարի շարունակ գլխի վերև առանց ծածկի և երկրաշարժից առանց այդ էլ ահավոր վիշտ ու բազում  զրկանքներ կրած ընտանիքներին կոռուպցիայի մեջ ներքաշելը այլ կերպ, քան սրբապղծություն համարել հնարավոր չէ: Ի դեպ, նույնը կարելի է ասել անօթևանի փոխարեն ոչ կարիքավորի կողմից բնակարան ստանալու պարագայում:  Մենք մեր գործունեությամբ և մասնավորապես այս ծրագրի իրականացմամբ  հենց նման երևույթների կանխմանը հասնելուն  էլ նպատակադրվել ենք: Ու  եթե մեզ հաջողվի մեր նպաստը բերել աղետի գոտում  ամենահուզող խնդրի' բնակարանների բաշխման գործընացում օրինականության և արդարության ապահովմանը, ապա կհամարենք, որ մեզ այնուամենայնիվ ինչ-որ բան հաջողվեց  անել:

Հ.Գ. Բնակբաշխման մյուս փուլերի հնարավոր կոռուպցիոն        ռիսկերին ու բացերին կանդրադառնամ հաջորդիվ:

Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ

Այս խորագրի վերջին նյութերը