Մեկնաբանություն

11.08.2019 12:05


«Ժողովրդի» վարչապետը, «թազա Հայաստանը» և Գյումրիի փակված փողոցը (տեսանյութ)

«Ժողովրդի» վարչապետը, «թազա Հայաստանը» և Գյումրիի փակված փողոցը (տեսանյութ)

Երեկ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվել էր նախկին օլիգարխ, իսկ ներկայումս հեղափոխական բարեխիղճ գործարար ու «թազա Հայաստանի» կարկառուն ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանին (մինչև հեղափոխությունը՝ Լֆիկ Սամո)։ Նիկոլը «համտեսում» էր Սամվելի բամբակը։

Մարալիկում Սամվելի հյուրընկալությունից, տնտեսական հեղափոխության թեմաներով մտերմիկ զրույցներից ու տեղացիներից փախչելուց հետո (հեղափոխությունից հետո «թազա Հայաստանի» կանոններով ճգնաժամ է ստեղծվել Մարալիկի քաղաքապետարանում, որը ամիսներ շարունակ չի լուծվում. քաղաքի կառավարումը պարալիզացված է) Նիկոլը գնացել է Գյումրի և գիշերն անցկացրել հեղափոխության սիրելի գործարար և «տեխնիկական» հովանավոր Խաչատուր Սուքիասյանին (մինչև հեղափոխությունը՝ Գռզո) պատկանող «Վիկտորիա Պլազա» հյուրանոցում (շենքի 1–ին հարկում «Հայէկոնոմբանկն» է, վերևում՝ հյուրանոցը՝ «մուծվիր և քնիր» տարբերակով)։

Հյուրանոցն այդ գտնվում է Գյումրիի Վարդանանց հրապարակում (ի դեպ, հետաքրքիր կլիներ իմանալ, թե հյուրանոցում քնելու և բնականաբար սնվելու փողը պետբյուջեի՞ց է դուրս գրվել, «Իմ քայլը» հիմնադրա՞մն է փոխանցել, տան խնայողություններո՞վ են «փակվել», թե՞ Սուքիասյանը հերթական «տեխնիկական» նվերն է մատուցել «ժողովրդի» վարչապետին ու յուր տիկնոջը)։ Դա այն հրապարակն է, որտեղից թունդ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր քայլարշավը՝ վերջում «բուդկայի» պես սեփականաշնորհելով իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերը (դատականը կոկորդին է մնացել ու փորձում է խնդիրը լուծել պետբյուջեի հաշվին կաշառքի գործարք առաջարկելով): Նա Գյումրիից սկսեց որպես շարքային հաճախորդ ու հետո դարձավ «ժողովրդի» վարչապետ (նման ֆանտաստիկ ու բիզնես–նախագիծն աննախադեպ է)

Ահա այդ «ժողովրդի» վարչապետի գիշերային անդորրն ապահովելու համար ավտոմեքենաների համար փակ են եղել Խաչատուրին պատկանող հյուրանոցին կից փողոցները (Օսիպյանը գործում է օդում, ջրում և ցամաքում), ինչը առաջացրել է գյումրեցիների զարմանքն ու զայրույթը։

Բայց դե զարմանալ ու զայրանալ պետք չէ։ Չէ՞ որ Նիկոլը «ժողովրդի» թեկնածուն է։ Իսկ «ժողովրդի» թեկնածուն պետք է լինի չտես–գյոռմամիշ ու նաև վախեցած։ Նա պետք է պաշտպանված լինի ժողովրդից ու հեռու մնա նրանցից։

Նա պետք է ընտանեկան հաճույքների բավարարման միջոցի վերածի պետական ինքնաթիռը, ուղղաթիռը և մյուս փոխադրամիջոցները։ Ամեն ինչ շատ արդար է։

Կարևորը՝ դուխո՛վ։

Գըմփ–գըմփ–հո՛ւ։

Հայկ Ուսունց

Հ․Գ․ Ի դեպ Գյումրիում վարչապետին մոտեցած բողոքող քաղաքացիներից մեկին կոպիտ ձևով հեռացրել են։ Նա Փաշինյանին խաբեբա է անվանել։ (տե՛ս կից տեսանյութը):

Այս խորագրի վերջին նյութերը