Լրահոս

19.04.2010 17:16


Պահանջում են վճարել ցեխաջրի համար

20 տարուց ավելի Շիրակի Սարագյուղ համայնքի բնակիչները խմում են սանիտարական որևէ չափորոշիչի չհամապատասխանող խմելու ջուր, որը ցեխաջրի հետ շատ մեծ ընդհանրություններ ունի: Համայնքի բնակիչները նույնիսկ փաստաթղթեր ունեն, որ գյուղ մտնող ջուրը չի համապատասխանում սանիտարական չափանիշներին և վտանգավոր է առողջության համար: Սակայն սարագյուղցիներին ներկայումս անհանգստացնողն իրենց խմելու ջրի որակը չէ, այլ այն, որ ջրմուղը դատի է տվել ամբողջ գյուղին և պահանջում է վճարել հակասանիտարական ջրի դիմաց: Մյուս տարօրինակ հանգամանքն այն է, որ, բնակիչների խոսքերով, իրենք ջրամատակարար ընկերության հետ կնքած որևէ պայմանագիր չունեն և երբևէ չեն ունեցել: Իսկ ջրամատակարար ընկերության որևէ մասնագետի գյուղում երբևիցե չեն տեսել ու չեն ճանաչում: Գյուղացիների խոսքերով՝ ջրհորները փորել են սեփական ուժերով, իսկ խողովակներն անցկացրել անձնական միջոցների հաշվին։

«Մոտ 15-20 տարի սեփական ուժերով ենք գյուղ ջուր մտցնում: Շատ սովորական պարզ ձևով ենք բերել՝ մակերեսորեն, կոտրած աղյուսներով, ճիմով ու որոշ դեպքերում՝ խողովակներով: Սանէպիդկայանի որոշումն էլ կա՝ անորակ ջուր, մեջը ճիճուներ ու որդեր: Մի խոսքով, կարելի է համարել, որ ցեխաջուր է: Մի քանի օր առաջ գնացել ենք իրենց մոտ բողոքելու, մեզ բացարձակ անկիրթ բացատրություն են տվել՝ եթե ջուր եք խմում, ուրեմն պետք է վճարեք, եթե նույնիսկ հորից եք խմում»,-ասում է սարագյուղցի Գրիգոր Վարդանյանը:

Որոշ գյուղացիների նկատմամբ արդեն դատարանի վճիռ կա, բայց գյուղացիները հավաստիացնում են, որ իրենց անգամ տեղյակ չի պահվել դատական նիստերի օրերի ու ժամերի մասին: Սարագյուղցիները տեղյակ չեն նույնիսկ, թե ինչ հաշվարկներով է իրենց վրա գումար գրվել:

«Իմ անվան դիմաց 54 հազ. դրամ պարտք է գրված: Ընտանիք կա, որ 6 անձից է բաղկացած, նույն գումարն է գրված, ինչ 2 անձից բաղկացած ընտանիքի դեպքում: Ասում են՝ եկեք դատարան, կպարզենք: Ինձ ոչ մեկը տեղյակ չի պահել դատական նիստի մասին, որ գնայի ու իմ փաստերը ներկայացնեի: Նույն ձևով կարող են դատական նիստ անել ու որոշել, որ ես մարդ եմ սպանել, ու գային տնից տանեին, 14 տարի նստեցնեին: Նույն սովետական դատարաններն են, նույն սիստեմը, ոչ մի բան չի փոխվել: Աշխարհը փոխվեց, դրանք նույն ձևով նստած մնացին»,- ասում է գյուղի բնակիչ Արմեն Կիրակոսյանը:

Բացի այդ, ջրամատակարար ընկերությունը գումար է պահանջում ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքների համար այն դեպքում, երբ ջուր երբևիցե չեն մատակարարել, իսկ ջրահեռացման համակարգ այս գյուղում ընդհանրապես գոյություն չունի:

Գյուղացիները որոշել են, որ իրենք ոչ մի լումա չեն մուծելու ջրի դիմաց, նույնիսկ եթե դատարանը որոշի իրենց Սիբիր աքսորել: Համայնքը որոշել է հակընդդեմ հայց ներկայացնել ջրամատակարար ընկերության դեմ, սակայն մտածում են, որ անօգուտ է:

«Խուլ գյուղ, հետամնաց մարզ, այստեղ ո՞վ է գյուղացուն հաշվի առնողը, դատարաններն էլ է իրենցը, դատախազությունն էլ: Մենք հույս չունենք, որ ինչ-որ բան դրանից հետո կլուծվի: Բայց ջրի դիմաց մենք գումար չունենք տալու»- հայտարարեց սարագյուղցիներից մեկը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը