Հարցազրույց

13.08.2019 10:11


Փաշինյանի նշած «աննախադեպ» բյուջետային եկամուտների 25.1 տոկոս աճը սովորական ցուցանիշ է․ Բագրատյան (տեսանյութ)

Փաշինյանի նշած «աննախադեպ» բյուջետային եկամուտների 25.1 տոկոս աճը սովորական ցուցանիշ է․ Բագրատյան (տեսանյութ)

Հայաստանում տնտեսական հեղափոխություն չկա, չկա որևէ փաստ, նախաձեռնություն, իրադարձություն, որը կարելի է կոչել տնտեսական հեղափոխություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեկլամը ժողովրդի ենթագիտակցության վրա է, ոչ թե գիտակցության: Կոչ եմ անում քիչ ուղիղ եթեր մտնել, քիչ այցեր անել, վերջացնել խորոված անելն ու աշխատել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Հրանտ Բագրատյանը:

«Տնտեսական հեղափոխություն չկա, դրա մասին որևէ փաստ, նախաձեռնություն ու իրադարձություն չկա»,-այս մասին ասաց Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով իշխանության՝ տնտեսական հեղափոխության վերաբերյալ հայտարարություններին:

Դիտարկմանը, թե օրինակ վարչապետի ներկայացրած այն տվյալը, թե 2019-ի 1-ին կիսամյակին գրանցվել է բյուջետային եկամուտների աննախադեպ աճ՝ 25.1 տոկոս, ներկայացվում են նաև այլ տվյալներ, դրանք տնտեսական հեղափոխության մեջ չեն մտնում, Հրանտ Բագրատյանն ասաց. «Դրանք շատ սովորական վիճակագրական տվյալներ են, որովհետև մեր հանրապետության պատմության մեջ 7 անգամ այդ աճը շատ ավելին է եղել, քան 25 տոկոսը: Օրինակ 1995-ին բյուջետային եկամուտների աճը կազմել է 320 տոկոս, ոչ թե 25 տոկոս: Կարծում եմ՝ վարչապետը տեղյակ չէ, եթե տեղյակ է, թող վաղը մամուլի խոսնակը հերքի: 2-րդ նախագահի օրոք բյուջետային եկամուտի աճը կազմել է 25 տոկոսից ավելի: Մեկ անգամ նույնիսկ՝ 48 տոկոս: Ի դեպ, այս նույն պատկերն է, երբ այդ աճից հանում ենք տվյալ տարվա գնաճը: Օրինակ, այն տարի, երբ բյուջեն աճել է 3 անգամ, գներն աճել են 170 տոկոս, բայց բյուջեն, ամեն դեպքում, աճել է 140 տոկոսով: Այսինքն, վեց անգամ ավելի արագ, քան հիմա: Եվ մենք դա անվանում ենք մութ ու ցուրտ տարի, թալանի տարի, երկիրը նոր-նոր ոտքի էր կանգնում, իսկ մենք նման աճ ենք տվել, այն էլ այն դեքպում, երբ հարևան երկրների բյուջետային համակարգը շարունակվում էր փլվել: Այդ էր պատճառը, որ մենք 1994-ին հաղթանակ տարանք, և մեր բանակը ֆինանսավորվում էր ավելի լավ: 25 տոկոսն այն աճը չէ, որի վրա կարելի էր աղմուկ բարձրացնել, մանավանդ, որ 25 տոկոսից 15 տոկոս աճը լինելու էր, բյուջեով նախատեսված էր»:

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը