Մեկնաբանություն

13.08.2019 15:10


Փաշինյանական ժամանակների հերոսների ու խորհրդանիշների մասին (տեսանյութ)

Փաշինյանական ժամանակների հերոսների ու խորհրդանիշների մասին (տեսանյութ)

Ցանկացած քաղաքական ուժ, առավել ևս իշխանության հասած հեղափոխական ուժն ունենում է իր գաղափարները, խորհրդանիշները և հերոսները։ Մեր քայլարարածները բացառություն չեն։

2018–ի գարնանը մեզ մոտ տեղի ունեցած հեղափոխության գաղափարական ու բովանդակային մասը կաղում էր։ Հեղափոխությունը կրում էր խիստ տեխնոլոգիական բնույթ։ Այն ուներ իր խորհրդանիշներն ու հերոսները։

Հեղափոխական խորհրդանիշներ և հերոսներ

«Թավշյա» որակված հեղափոխության գլխավոր հերոսն, անշո՛ւշտ, դրա միակ առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է։ Նա մորուք թողեց, որպեսզի խզի կապերն իր հաճախորդական անցյալի հետ (անցյալը, սակայն, մշտապես հետապնդում է նրան, բայց սա այլ խոսակցության թեմա է)։

Հեղափոխությունն ունի նաև այլ հերոսներ։ «Չալո» անունով շունը երկրորդ հորիզոնականում է։

Հրապարակում պլշած աչքերով Նիկոլին հետևող տատիկը նույնպես հեղափոխության հերոսներից է։

Վիրտուալ ոստիկանի կերպար Աշոտն էլ է հերոսացել այն օրերին։

Հերոսների հնգյակում է նաև Վալերի Օսիպյանը, ում Նիկոլից ոչ պակաս էինք հեղափոխության օրերին տեսնում էկրաններին։

Հեղափոխական օրերի խորհրդանիշներն էին սելֆիի ձողիկը, իշաբեռ հանդիսացող ուսապարկը, բարձրախոսը, մի փոքր քերծված, բայց հսկայան բինտով փաթաթված Նիկոլի ձեռքը, որը պետք է հնդկական սերիալի սիրահարներից արտասուքի ծով քամեր։

Խորհրդանիշների մեջ է նաև «դուխով» գրությամբ գլխարկը, որը «քաքլաններին» պետք է ռիսկ տար, իսկ անուղեղներին՝ չմտածելու հաստատակամություն։

Հետհեղափոխական խորհրդանիշներ և հերոսներ

Հետհեղափոխական շրջանի խորհրդանիշներից դարձան Նիկոլի չընդհատվող հազը և ուղիղ եթերում հնչած գղտոցը՝ հպարտ քաղաքացիների ուշադիր հայացքի ներքո։

Ոչխարն, անտարակույս, իր ուրույն տեղն ունի հետհեղափոխական Հայաստանի քայլող խորհրդանիշների փառքի սրահում։

Խորհրդանիշներից դարձավ նաև «քցված» «Չալոն», քանզի բոլոր քայլարարածները պաշտոնի տեր դարձան, բացի այդ հեղափոխական չորքոտանուց։

Խորհրդանիշ դառնալու հայտ են ներկայացրել սիմինդը, խոզի խորովածը և խոլորձը։

Ինչ վերաբերում է Հայաստանի հետհեղափոխական հերոսներին, ապա դատելով «ժողովրդի» վարչապետի քարոզչական գործունեությունից՝ Հայաստանի թիվ մեկ հերոսը, բնականաբար, ինքն է։

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մարտական սելֆի արած և բանակից շուստրիաբար ծլկած Նիկոլը հպարտ քաղաքացիների սիրելին է և նրանց հերոսը։

Նա իր հերոս լինելու մասին ամեն օր համեստորեն հիշեցնում է՝ դեմագոգիկ ձևով թաքնվելով «հպարտ քաղաքացի» կամ «ժողովուրդ» ձևակերպումների տակ։

Ժողովուրդ ասելով Փաշինյանն ինքն իրեն նկատի ունի, և երբ խոսում է «ժողովրդի» կամքի կամ որոշման մասին, իր կամքն ու որոշումը նկատի ունի։

Մյուս հերոսը, հասկանալի պատճառներով, Նիկոլի կինն է՝ Աննա Հակոբյանը։ Բարեգործական հիմնադրամների այդ տիրուհին, դատարկ թռչող ինքնաթիռների մշտական ուղևորը, Նիկոլի պահապան հրեշտակը։

Ըստ Նիկոլի՝ Հայաստանի հերոս զինվորները պետք է նմանվեն իր որդուն՝ Աշոտին, ով Արցախում ծառայում է այնպես, որ կարող է ցանկացած պահի, ցանկացած տեղից սելֆի անել, զինվորական հագուստով հայտնվել հոր ստեփանակերտյան հանրահավաքում և ԱԱԾ գեներալի կողքը կանգնած հեղափոխականորեն ծամոն ծամել։ Մարտական դիրքերը հենց այդպես է պետք պահել։

Փաշինյանի պատկերացրած պատգամավորի օրինակելի կերպարներ ու մեր ժամանակների հերոսներ են իր աներձագը՝ Հրաչյան և զարմիկը՝ Սիփանը։ Վերջինս իջևանյան անտառահատների հետ բախման հերոսական օրերին գետնի տակն էր անցել ու ծպտուն չէր հանում՝ չնայած այն հանգամանքին, որ էյֆորիկ մթնոլորտում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ հազարավոր քվեներ էր հավաքել։

Ինչ վերաբերում է Փաշինյանի սրտի մյուս պատգամավոր Հրաչյային, ապա նա ամբախ–զամբախ խոսելու ռեկորդներ է սահմանել՝ այդպիսով հերոսանալով անգաղափար հեղափոխականների ֆոնին։

Փաշինյանի համար հերոս են նաև իր ընտանիքի մյուս անդամները, որոնք աշխարհաքաղաքական, ներքաղաքական, մեդիա ու մշակութային հարցերի անգերազանցելի փորձագետներ են։

Մեր ժամանակների հերոսներ կան նաև Փաշինյանի ընտանիքից դուրս։ Օրինակ՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեր օրերի Վիշինսկին է։ Նա հասցրեց ճիշտ ժամանակին դավաճանել ու կողմնորոշվել։

ՀՔԾ պետն էլ է Նիկոլի համար հերոսի կերպար։ Միայն «Մարտի 1»–ի գործի հետ կապված BBC–ում հայտնված «մուտիլովկան» հերիք է, որպեսզի Սասուն Խաչատրյանը հերոսանա Նիկոլի համար։

Հերոսների այլ կերպարներ էլ կան Փաշինյանի համար, բայց առայժմ բավարարվենք այսքանով։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը