Լրահոս

11.01.2011 17:07


Մեղադրվում են քվեարկության արդյունքները կեղծելու եւ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակվում է Արագածոտն մարզի Ճարճակիս համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա երեք անձի առաջադրվել է մեղադրանք՝ քվեարկության արդյունքները կեղծելու եւ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար:

Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2010թ. դեկտեմբերի 26-ին Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ: Ավարտից հետո' ժամը 21:00-ի սահմաններում, ընտրական հանձնաժողովի անդամներն ամփոփել են ընտրության արդյունքները և մարված, անվավեր ճանաչված ու քվեարկված թերթիկները ելունդների հետ փաթեթավորել, կնքել, դրել են քվեատուփի մեջ' ընտրատարածքային ընտրական հանձնաժողով տեղափոխելու համար: Ընտրություններում պարտված համայնքի ղեկավարի թեկնածու Քյարիմ Խուդոյանի եղբայրը՝ Վրաստանի քաղաքացի Քյազիմ Խուդոյանը, մյուս համախոհների հետ միասին, չհամաձայնելով ընտրության արդյունքների հետ, չենթարկվելով իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության Արագածի բաժնի աշխատակիցների օրինական պահանջներին, վերջիններիս նկատմամբ գործադրելով կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, մտել են թիվ 14/1 ընտրական տեղամաս եւ հափշտակել քվեատուփը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Քյազիմ Խուդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով եւ 316-րդ հոդվածի առաջին մասով, Խատուն Նադոյանին եւ Մարիամ Խուդոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Ք.Խուդոյանի եւ Խ.Նադոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Մ.Խուդոյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրություն:

Ձեռնարկվում են օպերատիվ և քննչական գործողություններ հանցագործության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը