Լրահոս

20.04.2010 11:24


ՆԺԿ նախագահ. «Հայաստանի համար միևնույն է՝ ով կլինի այդ միջնորդական առաքելության մեջ»

ՆԺԿ նախագահ. «Հայաստանի համար միևնույն է՝ ով կլինի այդ միջնորդական առաքելության մեջ»

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում որպես միջնորդ հանդես գալու՝ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիի առաջարկին՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «7օր»-ին ասել է.

-Որքան հիշում եմ, սա առաջին դեպքը չէ, մի քանի անգամ է կրկնվել։ Երբ որ միջնորդական առաքելությունների գործունեությունը չի ստացվում, Պարսկաստանին փորձում են միացնել, որպեսզի նա իր միջնորդական առաքելությունն իրագործի։

Ըստ Ա. Կարապետյանի՝ Իրանին ղարաբաղյան կարագավորման գործընթացում ներգրավելու փորձը, դիվանագիտական կամ այլ խողովակներով, կատարում են Ռուսաստանը, Թուրքիան և ԱՄՆ-ը՝ Իսրայելի հետ։

-Բայց իմ կարծիքով ոչինչ չի ստացվելու, որովհետև Պարսկաստանի միջնորդական առաքելության մեջ այլ գերտերություններն այդքան էլ շահագրգռված չեն։ Այսինքն, գործընթացի մեջ ներառում են, բայց որպեսզի գործընթացի մեջ լուրջ դերակատարություն թողնեն Պարսկաստանին՝ ո՛չ։ Ներքաշում են, բայց դերակատարությունը չեն բարձրացնում։ Ինչո՞ւ՝ որովհետև գերտերությունները Պարսկաստանին ուզում են նաև ցույց տալ, որ այդքան էլ Պարսկաստանի նկատմամբ թշնաբար չեն տրամադրված, և Ղարաբաղի  ազատագրված տարածքների հարցի լուծումն այդքան էլ կապված չէ Պարսկաստանի, հատկապես Հյուսիսային մասում, ինչ-որ խժդժություններ կազմակերպելու ու այնտեղ զորամիավորումներ տեղակայելու հետ։ Դրա համար էլ ես կարծում եմ, որ այս ամենն ուղղակի գեոքաղաքական խաղերի մի նոր փուլ է մտնում։ Առավելն ասեմ, որ իմ կարծիքով միևնույնն է, միջազգային հասարակությունը կանգնած է այն խնդրի առաջ, որ կա՛մ Դեյտոն կազմակերպի, կա՛մ ամբողջ գործընթացը տապալվի, և փորձեն այլ լուծումներ գտնել,- նշել է ՆԺԿ նախագահը՝ ավելացնելով,-բայց կարծում եմ, Հայաստանի համար միևնույն է՝ ով կլինի այդ միջնորդական առաքելության մեջ, որովհետև պահանջներն արդեն մոտավորապես ձևավորված են, և դրանք հիմա այնքան էլ հայանպաստ չեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը