Հարցազրույց

14.08.2019 20:10


Պետբյուջեի մուտքերը 25% ավելացման պարագայում 21% ծախսերի թերակատարում են ունեցել․ տնտեսագետ

Պետբյուջեի մուտքերը 25% ավելացման պարագայում 21% ծախսերի թերակատարում են ունեցել․ տնտեսագետ

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանին զարմացնում է այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հպարտ հայտարարում է, որ տարվա սկզբի համեմատ արտաքին պարտքը կրճատվել է մոտ 77 մլն դոլարով կամ 1.4 %-ով։

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ անկախ արտաքին կամ ներքին պարտքի մեջ տեղի ունեցող փոփոխությունների՝ արդեն առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման առումով ունեցել ենք ծախսերի 21 տոկոս թերակատարում, սա էլ այն պարագայում, որ պետական բյուջե մուտքերը 25 տոկոսով ավել են եղել։

«Սա նշանակում է, որ կառավարությունն իր ամբողջ կազմով չունի այն արհեստավարժությունը և իրավիճակին տիրապետելու հմտությունները, որոնք անհրաժեշտ են ցանկացած երկրի կառավարման համար։ Այստեղ արտաքին պարտքի թեկուզ 1,4 տոկոս փոքրացումը չի նշանակում, որ սա որպես կառավարության հաջողություն պետք է որակել։ Խոշոր առումով, եթե մենք պարտք ենք վերցնում, լինում է ՀՀ սոցիալական բնույթի որևէ ծրագրի համար։ Սա նշանակում է, որ այս առումով էլ խոցելիություն ունենք։ Երբեք տրիվիալ փոփոխությունները որևէ իշխանության գործունեության դրական փոփոխությունների մասին չեն կարող խոսել»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է ներքին պարտքի մոտ 88 մլն դոլարով՝ 6.3 %-ով ավելացմանը, տնտեսագետ նշեց, որ ի տարբերություն ներքին պարտքը մեծացնող այլ երկրների, Հայաստանը համակարգված ու իրական տնտեսական շուկա չունի։ Բոստանջյանի խոսքով՝ ՀՀ-ում մուտքերն ու ելքերն արտահայտված են հիմնականում բանկային համակարգով։

«Մուտքերն ու ելքերն արտահայտված են բանկային համակարգերով, որտեղ ֆինանսական ակտիվները 85 տոկոս են: Սա նշանակում է միակողմանի ֆինանսական շուկա, որտեղ ներքին պարտքը զուտ երկարաժամկետ կամ կարճաժամկետ պարտատոմսերի միջոցով է։ ՀՀ պետբյուջե մուտքերը, որոնք պետք է համապատասխան ծրագրերի համար ծախսվեն, բայց չեն ծախսվում, տեղադրում են բանկերում։ Այսինքն՝ չեն կարողանում առաջնային ծրագրերի համար ծախսել ու դեպոզիտի տեսքով տեղադրում են բանկերում։ Սա խոսում է ֆինանսական ողորմելիության մասին»,-մանրամասնեց Վարդան Բոստանջյանը։

Տնտեսագետը, խոսելով հարկերի գերակատարման մասին, շեշտեց, որ անգամ միամիտ մարդիկ շատ լավ հասկանում են, որ հիմքում ընկած է այն, որ ԵՏՄ-ում մինչև տարվա վերջ ավտոներկրման առավելություն են տվել Հայաստանին։

«Հիմա նկատել ենք նաև, որ հետխորհրդային բազմաթիվ երկրներից գալիս են ՀՀ՝ մեքենա ձեռք բերելու։ Միայն անցած ժամանակահատվածում արդեն իսկ չլսված թվով մեքենա է ներկրվել՝ 67-70 հազար. դրանով է պայմանավորված, քանի որ միայն 105 մլրդ դրամի չափով այս ոլորտն է ավելացրել։ Սակայն սա չի նշանակում, որ կառավարության լավ աշխատանքի արդյունքն է այդ ցուցանիշը։ Եթե այդ արտոնությունը մինչև տարվա վերջ հանվում է, ապա ՀՀ հնարավորություն չի ունենում ապահովել եկամուտներ։ Տնտեսագիտության մեջ դա կոչվում է քվազի զարգացում, ինչը նշանակում է կեղծ զարգացում»,-շարունակեց տնտեսագետը։

Վարդան Բոստանջյանին ամենևին չի զարմացնում այն հանգամանքը, որ այսօր իշխանությունները սկսել են քիչ օգտագործել «տնտեսական հեղափոխություն» միտքը։ Նա շեշտեց, որ «տնտեսական հեղափոխություն» կատեգորիա չկա, ավելին, ըստ նրա, նման միտք ասվում էր պարզապես չհասկացող զանգվածին շեղելու համար։

«Բազմաթիվ նման այլ հրովարտակ-կոչեր են հնչել կառավարության կողմից, որոնք թիթեռի կյանք ունեն, այսինքն՝ մի օր ասվում է, մյուս օրը՝ մոռացվում, ինչպես նաև դրա տակ իրական որևէ շարժ չկա ու չի կարող լինել»,-շեշտեց Բոստանջյանը։

Նրա գնահատմամբ՝ հետհեղափոխական Հայաստանին հարիր չէ ունենալ ՀՆԱ՝ հիմնված մեքենաների աննախադեպ աճի ու խաղադրույքների վրա։ Ավելին՝ Բոստանջյանն այս իրավիճակը նաև վտանգավոր է համարում։ Տնտեսագետը չի կարող հստակ ասել՝ տնտեսության այս պատկերի համար կառավարության կա՞մքը, թե՞ կադրային թույլ բազան է մեղավոր, բայց գիտի, որ իր ճանաչած շատ լավ մասնագետներ հեռացվել են աշխատանքից։

«Չեմ կարող մանրամասն տիրապետել իրավիճակին, բայց գիտեմ, որ ամենատարբեր տեղերում, օրինակ՝ ԱԺ-ում, որտեղ երկար տարիներ աշխատել եմ, խիստ պրոֆեսիոնալ, պաշտպանած կադրերի են հեռացրել աշխատանքից»,-եզրափակեց Վարդան Բոստանջյանը։

Այս խորագրի վերջին նյութերը