Մեկնաբանություն

15.08.2019 14:55


Ատելության և թշնամանքի քարոզիչներն` ընդդեմ ատելության և թշնամանքի քարոզչության

Ատելության և թշնամանքի քարոզիչներն` ընդդեմ ատելության և թշնամանքի քարոզչության

Ատելության թավշյա քարոզիչները կամ, այսպես ասենք` թավշյա ատելության քարոզիչները, որ «սիրո եւ համերաշխություն» քարոզելով եկան իշխանության թե չէ`սկսեցին հասարակությունը բաժանել սեւերի եւ սպիտակների, յուրայինների եւ օտարների, ու այլախոհների եւ այլախոհության դեմ ատելություն եւ թշնամանք տարածելը դարձրին կենսակերպ, որոշել են պայքարել իրենց «դավանած արժեքների»` ատելության խոսքի, այլատյացության եւ բռնության քարոզի դեմ։

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ ի կատարումն վարչապետի հանձնարարականի, մանրակրկիտ ուսումնասիրել են բռնության քարոզի եւ ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային փորձը, մշակել ու հանրային քննարկման ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում են քրեական պատասխանատվություն սահմանել բռնություն եւ ատելություն քարոզելու «ծայրահեղ դրսեւորումների» համար։

Այդ «զոհաբերությանը» գնացել են` հաշվի առնելով «Հայաստանում ատելության խոսքի տարածման կապակցությամբ հանրության շրջանում հնչող մտահոգությունները, ինչպես նաեւ անհանդուժողականության, խտրականության եւ բռնության աճի կանխարգելման անհրաժեշտությունը»:

Թավշյա «արդարադատության» սպասավորների ասելով` «նախագծի նպատակն է համարժեք պայքար մղել ատելության խոսքի ծայրահեղ դրսեւորումների դեմ: Մասնավորապես` քրեական պատասխանատվության գործիքն անհրաժեշտ է այն դեպքերում, երբ ատելության խոսքն ուղղված է բռնության հրահրմանը առանձին անձանց կամ անձանց խմբի նկատմամբ»։

Պայքարելը` լավ են անում, թող պայքարեն, ինչքան ուզում են. լավ է ուշ, քան երբեք։

Մի բան է մտահոգում` բա որ օրենքն ընդունվեց, ու մի տարի, երկու տարի հետո ինչպես «բիրդան» եկան իշխանության, այնպես էլ սրընթաց` իրենց համար էլ անսպասելի, հեռացվեն իշխանությունից, եւ իրենց սրտի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նման մեկը` մի երկրորդ հայկական Վիշինսկի, որոշի, որ օրենքը հետադարձ ուժ ունի, ինչպես Քր.օր 300.1 հոդվածով առաջադրված մեղադրանքը` Ռոբերտ Քոչարյանի դեպքում, ի՞նչ են անելու։

Ո՞նց են տակից դուրս գալու, եթե, օրինակ, Փաշինյան Նիկոլին ու իր վկաներին մեղադրանք առաջադրվի «առանձին անձանց եւ անձանց խմբի»` նույն Ռոբերտ Քոչարյանի, արցախը ազատագրած հրամանատարների, իրենց ձախավեր «նախաձեռնություններին» հրապարակավ ընդդիմացող ամեն տեսակ «հակահեղափոխականների» նկատմամբ հարյուրի վրա ատելություն եւ թշնամանք հրահրելու, հանցագործի, մարդասպանի եւ թալանչիի պիտակ կպցնելու համար։

Կամ, ասենք, Նիկոլի «ջիվանաբրահամյանակերպ» պահապան-հրեշտակները քրեական պատասխանատվության կանչվեն Արցախի նախագահի գլուխը «քարով ցխելու» հրապարակային կոչեր եւ սպառնալիքներ հնչեցնելու, ի դեմս ղարաբաղցիների`«ներքին թշնամու» կերպար ստեղծելու համար։

Էդ ժամանա՞կ ինչ են դնդնացնելու...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը