Մեկնաբանություն

15.08.2019 15:20


Ոչ մի օր առանց «վարչապետ-շոուների»

Ոչ մի օր առանց «վարչապետ-շոուների»

Վարչապետ Նիկոլն ակնհայտորեն ուշադրության պակաս է զգում։ Նաև՝ վարկանիշի անկում։

Մարդամեջ դուրս գալ, շփվել «սիրելի ժողովրդի» հետ, «պուբլիկայից» օվացիաներ, ծափահարություններ կորզել արդեն չի հաջողվում.«կուկուռուզը» թարս է բուսնում։

Նախ` լսարանն այն չէ, գլխաքանակի եւ էնտուզիազմի պակաս կա։ Սա բավական չէ` դեռ մի բան էլ «հպարտ քաղաքացիներն» են զզվեցնում իրենց նվնվոցներով, անվերջանալի բողոք-նամակներով եւ «շտապօգնության» թախանձագին խնդրանքներով։ Չենք խոսում «պնդերես» լրագրողների մասին, որոնց վարչապետն արդեն ուղղակի ֆիզիկապես տանել չի կարողանում։

Իսկ թամաշաներ սարքել, հացի տեղ «ժողովրդին» տեսարաններ մատուցել պե՛տք է. առանց դրա ԻՆՔԸ եւ «զրոների» իր թիմը ոչինչ են` դատարկ տեղ, որը, ինչպես գիտեք, թափուր չի մնում։

Դե, նա էլ ջանում է`ինչպես կարող է. մի օր մեկ ժամ 20 րոպեանոց «զիբիլ-խորաթա-շոու» է բեմադրում Կարգին քաղաքապետի հետ Հանրապետության հրապարակի իր օֆիսում, մի օր` տուրիստ խաղացնում թիկնապահի եւ Շուշոյի ուղեկցությամբ (ասել է, չէ՞. 2050 թ. առնվազն 15 միլիոն զբոսաշրջիկ է բերելու Հայաստան` ՀՀ քաղաքացիների նախատեսված թվից երեք անգամ ավելի)։

Մի օր էլ կարող է «մորեմերկ» դուրս գալ փողոց եւ հեծանիվ քշել, թռչկոտել պարանի վրա` պուճուրների հետ կամ առանց նրանց, կուկուռուզ եփել ու բաժանել բերանը բաց իր «քյանդռբազություններին» հետեւող տեղացիներին եւ հյուրերին, քյաբաբ-խորոված փարթիներ կազմակերպել, բռնոցի-պախկվոցի, «Յոթ քար» խաղալ, բլոտի միաժամանակյա սեանսներ տալ ցանկացողներին։ Ի վերջո, երկու ժամը մեկ բացօթյա «ստրիպտիզ-շոուներ» անել Հյուսիսային պողոտայում...

Մարդը անգործ է մնացել. Հայաստանում կյանքն այլեւս էժան է, ապրուստը` ձրի, մարդիկ` կուշտ, չաղ եւ բախտավոր, սահմաններն` ավելի քան երբեւէ պաշտպանված։

Մի բանով պե՞տք է լցնի «Ֆեյսբուքում» ինքնագովազդվելուց, գլուխ գովելուց, «խեղափոխությունից» հետո գրանցած անթիվ-անհամար վիրտուալ հաջողությունները պրոպագանդելուց ազատ ժամանակը, թե՞ չէ...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը