Լրահոս

20.04.2010 15:58


Վահան Հովհաննիսյան. «Նման միջնորդության առաջարկ ցանկացածից կարող է գալ»

Վահան Հովհաննիսյան. «Նման միջնորդության առաջարկ ցանկացածից կարող է գալ»

Անդրադառնալով Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի այն հայտարարությանը, թե Իրանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում որպես միջնորդ հանդես գալ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «7օր»-ին ասել է, որ իր կարծիքով՝ հարավկովկասյան կնճիռների կարգավորման մեջ Իրանը, իհարկե, շատ ավելի անաչառ կողմ կարող է լինել, քան ուրիշ մասնակիցներ, սակայն դա շատ բարդ հարց է և ուսումնասիրության կարիք ունի։

-Պետք է ուսումնասիրել, թե Իրանի միջնորդական առաքելությունն ինչպիսի՞ ձևաչափի մեջ պետք է իրականացվի։ Եթե նա դառնում է ԵԱՀԿ ՄԽ գործող ուժերի՝ եռյակի փոխարինող, սա մեկ հարց է, և չեմ կարծում, թե դրական հետևանքներ կունենա։ Մյուս կողմից ինքը՝ Իրանը, ԵԱՀԿ անդամ չէ, և պարզապես միանալ այդ խմբին նույնպես չի կարող՝ հաշվի առնելով նաև Իրանի հարաբերությունները ՄԽ-ի եռյակում ընդգրկված երկրների հետ։ Սա բավական բարդ հարց է, և չեմ կարծում, որ հեշտ լուծվող է։ Դա պետք է ուսումնասիրվի։ Ես պատրաստ չեմ անմիջապես դեղատոմս ասել, թե ինչպես դա կարելի է անել,-նշել է Վահան Հովհաննիսյանը։

Այդուհանդերձ, Իրանի միջնորդությունից, նրա կարծիքով, կարելի է ավելի անաչառություն ակնկալել, քան, օրինակ, Թուրքիայի միջնորդությունից. «Նման միջնորդության առաջարկ ցանկացածից կարող է գալ։ Վերջապես երկրներն իրենց քաղաքական կշիռը բարձրացնելու համար էլ են դիմում նման միջոցների։ Մենք պետք է նայենք մե՛ր շահին»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը