Կարծիք

20.08.2019 08:45


Պոպուլիզմի և հակապետական դեմագոգիայի գինը

Պոպուլիզմի և հակապետական դեմագոգիայի գինը

Պաշտպանյալը վերջին մեկ տարում միայն մեկ գործի շրջանակներում ապացուցեց, որ իր տեղում չէ։

Պոպուլիզմին ու հակապետական դեմագոգիային ընդառաջ գնալու, սեփական անցյալի սխալներն անմիջապես չընդունելու, հիվանդագին մտասևեռումներ ունենալու, սեփական սխալ անցյալին ու փողոցին գերի դառնալու, ամբոխին հաճոյանալու, անգրագետ լինելու, պետական մտածողություն չունենալու և ոչ կոմպետենտություն ցուցաբերելու պատճառով հսկայական հարված հասցրեց մեր երկրին։

Ամուլսարի գործով կորուստների ոչ ամբողջական ցանկը հետևյալն է՝

– 400 հազար դոլար (այդքան է վճարվել Ամուլսարի միջազգային կոչված փորձագիտական աշխատանքը). արդյունքն այն է, որ վերադարձանք այնտեղ, որտեղից կանգ էինք առել, իսկ ո՞վ պետք է հատուցի հարկատուներիս կորուստը,

–1000–ից ավելի կրճատված աշխատատեղ (այդքան աշխատող է կրճատել Լիդիանը՝ հանքի աշխատանքների դադարեցման պատճառով),

–տասնյակ կապալառուների հետ շահավետ պայմանագրերի չեղարկում. ո՞վ պետք է պատասխան տա տասնյակ բիզնեսների սնանկացման կամ չստացած եկամուտների համար,

–պետական բյուջեն զրկվեց 50 միլիոն դոլարի կարգի հարկային մուտքերից, որոնք կարող էինք ունենալ հանքի աշխատանքների բնականոն ընթացքի դեպքում,

–Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակված միակ հայկական ընկերության արժեթղթերի գնի կտրուկ անկում արձանագրվեց վերջին մեկ տարում (շուրջ 5 անգամ), ինչը նշանակում էր հայկական ներդրումային ու բիզնես միջավայրի նկատմամբ վստահության նույնքան անկում միջազգային ասպարեզում,

–հանուն կասկածելի «բնապահպանական» շահերի և ուղղորդվող հակապետական գործունեության՝ Ջերմուկ առողջարանական կենտրոնի նկատմամբ տոտալ հակաքարոզչություն իրականացվեց, ինչը, անկախ հանքի անվնաս լինելուց, դեռ երկար ժամանակ հոգեբանական ազդեցություն է թողնելու ներսի ու դրսի զբոսաշրջիկների վրա, և այդ քաղաքը տուժելու է։

Եվ ամենավտանգավորի մասին։ Հայաստանը Լիդիանի պատմության արդյունքում ձեռք բերեց «բանանային» պետության իմիջ, քանզի բոլորը տեսան, որ այստեղ կարող են ավելի քան 400 միլիոն ներդրում անող ընկերությանը պարզապես «քցել»՝ աչք փակելով ապօրինությունների վրա։ Իսկ դա նշանակում է, որ կառավարության վերջին մեկ տարվա հանցավոր անգործության կամ միտումնավոր վարքագծի պատճառով մենք դեռ երկար ժամանակ ուշքի չենք գալու, և միայն իշխանափոխության, կոմպետենտ իշխանության ձևավորման ու տևական կայունության ապահովման արդյունքում հնարավոր կլինի ունենալ վստահելի և սեփականության իրավունք հարգող պետության իմիջ, որից հետո միայն կարելի է ակնկալել բիզնես միջավայրի բարելավում ու ներդրումներ։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը