Լրահոս

21.04.2010 09:42


Զանգվածային անկարգությունը կանխվեց

Զանգվածային անկարգությունը կանխվեց

Ինչպես արդեն տեղեկացրել էին, ապրիլի 17-ին Վ. Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի հարակից տարածքում տեղի էր ունեցել «ռազբորկա»։ Մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ տեղի ունեցածը ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև հակասությունների արդյունք է։  «Ես անհեթեթ եմ համարում այդ լուրերը»- «7օր»-ին ասել էր ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նույն միջադեպին ավելի վաղ անդրադառնալով՝ ԲՀԿ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանն էլ «7օր»-ին ասել էր.

-Զառանցանքը մեկնաբանության ենթակա չէ։

Ըստ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ ապրիլի 17-ին, ժամը 18.00-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ ստացվեց, որ Նոր Նորքի Վ. Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի դիմացի այգում խուլիգանություն է կատարվում։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբերը Դավիթ Բեկի փողոցում գտնվող «Քրեզի հորս» սրճարանի հետնամասում ականատես եղան խուլիգանական գործողությունների, որոնց մասնակցում էր մոտ 60-70 մարդ։
Զանգվածային անկարգությունը կանխելու նպատակով տարածքն անհապաղ շրջափակվեց ու նախազգուշական կրակոց արձակվեց։ Տիրապետելով օպերատիվ իրավիճակին՝ ոստիկաններն իրականացրին խուլիգանության մասնակիցների զինաթափումն ու շղթայումը։
Դեպքի վայրից ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 55 անձ, որոնցից 36-ը ձերբակալվել են։
Նշված անձանց զինաթափման, դեպքի վայրի զննության եւ սանրման ընթացքում հայտնաբերվել է 12 ատրճանակ։ Այդ թվում՝ 3 «ՏՏ», 4 «Մակարով», 2 թմբուկավոր, մեկական «Բերետա» եւ «Բրեվետե» տեսակի եւ մեկ հատ արտասահմանյան, դեռեւս չպարզված տիպի ատրճանակ, բոլորն էլ լիցքավորված։
Պարզվել է, որ զանգվածային անկարգության մասնակիցների միջեւ վեճը ծագել է գումարային խնդիրների շուրջ։ Խուլիգանություն կատարողները հիմնականում նախկինում դատապարտվածներ ու թմրամոլներ են։
Ի պատասխան որոշ լրատվամիջոցներում տեղ գտած շահարկումների հայտնում ենք, որ անկարգության մասնակիցները որեւէ կուսակցության կամ հասարակական կազմակերպության անդամ չեն։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով։

Այս խորագրի վերջին նյութերը