Մեկնաբանություն

20.08.2019 15:40


Ժամանակն է կանգ առնել, խոր շունչ քաշել և մտածել «թավշյա բեսպրեդելի» հետևանքների մասին  

Ժամանակն է կանգ առնել, խոր շունչ քաշել և մտածել «թավշյա բեսպրեդելի» հետևանքների մասին  

Եվ այսպես, վերջին տարիների համար «առասպելական» ներդրումային պարտավորություններ ստանձնած, պետական բյուջեի հարկային «պորտֆելում» ծանրակշիռ մասնաբաժին ունեցող «Լիդիան» ընկերության աշխատանքը մի ամբողջ տարի «նիզաշտո»` զուտ պոպուլիստական մղումներով կաթվածահար անելուց հետո ալամ աշխարհի հայոց վարչապետը վերջապես հասկացավ, որ ժամանակն է կանգ առնել. քարը փեշից թափել եւ գոնե այս դեպքում վերադառնալ ռացիոնալ դաշտ։ Այսինքն` «էմոցիաներից» վեր կանգնել եւ «ինստիտուցիոնալ» որոշումներ կայացնել` հաշվի նստելով փաստերի հետ։

Ասում է, որ Ամուլսարի շուրջ իր իսկ թողտվությամբ, եթե չասենք` հովանավորությամբ ստեղծված խնդրահարույց իրավիճակը ողջ «լայնքով, երկայնքով եւ խորությամբ» ուսումնասիրելուց հետո հասկացել է, որ ինքը սխալ էր, իր ընդդիմախոսները` ճիշտ. հանքավայրի շահագործման վնասը «չնչին» է` բարոյական եւ ֆինանսական վնասների համեմատ, որ իր անձեռնահասության, ապիկարության, անհամարժեքության, վոլյունտարիստական նկրտումների եւ ուղղակի քմահաճույքների պատանդ դարձած էս երկիրը կրում է` աշխարհին ներկայանալով որպես անհուսալի գործընկեր, որի հետ չարժե գործ բռնել։ Կոպիտ ասած` «քցողի հեղինակություն» վաստակելով։

Ոչինչ, որ այդ ամենը բավական թանկ նստեց հարկատուների վրա` ամբողջ 400 հազար դոլար։ Գումարած հազար կրճատված աշխատատեղ, տուն, տեղ, երեխա պահելու հնարավորությունից զրկված հարյուրավոր ընտանիքներ, որոնց մի մասը վստահաբար հանգրվանել է օտար ափերում։

Եվ դեռ հարց է՝ այդքանից հետո` աններելի ուշացումով լուծելով հանքավայրի վերագործարկման հարցը՝ Հայաստանն, ի դեմս իր անմեղսունակ իշխանավորների, դեռ ինչքա՞ն պիտի ջանա «հուսալի գործընկերոջ» հիմնավորապես խաթարված իմիջը վերականգնելու համար։

Հետաքրքիր է` իսկ ինչքա՞ն ժամանակ կպահանջվի Փաշինյանից` «խորությամբ» ուսումնասիրելու հանրապետության երկրորդ նախագահի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի «դինամիկան» եւ հաշվելու իր սրտի դատախազության, ՀՔԾ-ի եւ ԱԱԾ-ի համատեղ ջանքերով այստեղ ստեղծված լիակատար իրավական բեսպրեդելի «օգուտների ու վնասների» հաշվեկշիռը։

Եվ, ի վերջո, ականջի օղ անելու, որ էմոցիաներով`սեփական վախերով, չափ ու սահման չունեցող վրեժխնդրությամբ, քինախնդրությամբ, մաղձով առաջնորդվելով, տուրք տալով իր ու իր աջակիցների ստոր բնազդներին, ցուցադրաբար անտեսելով ազգային օրենսդրության եւ միջազգային իրավակարգավորումների բոլոր նորմերը, անհամեմատ ավելի ծանր` անդառնալի հարված է հասցնում ոչ միայն պետության միջազգային հեղինակությանը, այլեւ պետականության հիմքերին` զրոյացնում է սերունդների համերաշխության, պետության շարունակականության ինստիտուտը...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը