Լրահոս

21.04.2010 15:06


Օպերլիազորը մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու, իսկ համայնքի ղեկավարը՝ գումարներ յուրացնելու մեջ

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության՝ Անիի բաժնի քրեական հետախուզության ավագ օպերլիազորի կողմից    փաստաթղթեր կեղծելու և հարկերից չարամտորեն խուսափելու, իսկ համայնքի ղեկավարի կողմից խոշոր չափերի գումարներ յուրացնելու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ  ոստիկանության՝  Անիի բաժնի քրեական հետախուզության ավագ օպերլիազոր Ս. Անդիկյանը  2007-2008թթ. ընթացքում Շիրակի մարզի Աղին, ապա նաև Բագրավան համայնքների ղեկավարների հետ  անհատ ձեռնարկատեր Կ. Սարոյանի անունից  կնքել է ապրանքանյութական  արժեքների փոխանակման պայմանագրեր:  Կ. Սարոյանի կողմից տրված լիազորագրի հիման վրա  իրավասու լինելով հանդես գալ որպես պայմանագրի  կողմ՝ Ս.Անդիկյանը, ոստիկանությունում ծառայության հետ անհամատեղելի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու փաստը թաքցնելու նպատակով՝  պայմանագրերում, հաշիվ-ապրանքագրերում և կատարողական ակտերում  նմանակել է ու կեղծել Կ. Սարոյանի ստորագրությունը: Այնուհետև կեղծ փաստաթղթերն օգտագործելու միջոցով  վերոհիշյալ համայնքներում  իրականացրել է  ոռոգման անօգտագործելի   ջրագծերի  15161 գծամետր մետաղյա հին խողովակների ապամոնտաժման աշխատանքներ:  Ապամոնտաժված խողովակները Ս. Անդրիկյանն իրացրել է  «Եվրոպա» ՍՊ ընկերությանը, ստացել շահույթ, սակայն  Անիի տարածքային հարկային  տեսչություն հաշվետվություններ չի ներկայացրել՝ այդկերպ խուսափելով  խոշոր չափերի՝ 11 825 317 ՀՀ դրամ հարկերի վճարումից:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ  Շիրակի մարզի  Աղին համայնքի ղեկավար Գ. Հակոբյանը 2009թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում  համայնքի գազաֆիկացման աշխատանքներն իրականացնող «Արտինժեներինգ» ՍՊ շինարարական կազմակերպությանը հենասյուներ տրամադրելու պատրվակով, առանց համայնքի ավագանու  քննարկմանը ներկայացնելու և վերջինիս համաձայնությունն ստանալու,  ապամոնտաժել է  համայնքի հաշվեկշռում գտնվող  1100 գծամետր  տարբեր տրամաչափերի  ոռոգման  անօգտագործելի  ջրագծի  մետաղյա հին խողովակներ: Ապամոնտաժված խողովակները համայնքի ղեկավարը  Ս. Սարոյանի միջոցով իրացրել է «Զիր բլագ» ՍՊ ընկերությանը և ստացված խոշոր չափի 1 100 000 ՀՀ դրամ գումարը յուրացրել:

 Բացի այդ՝ համայնքի գազաֆիկավցման աշխատանքներն իրականացնող  «Զիր բլագ» ՍՊ ընկերությունը աշխատանքներն իրականացնելու համար  2009թ. հուլիսին  տրամադրել է 1900 գծամետր  մետաղյա խողովակներ: Համայնքի ղեկավար Գ.  Հակոբյանը նշված չափի խողովակների ձեռքբերման համար «Զիր բլագ» ՍՊ ընկերության հաշվեհամարին փոխանցել է  2 712 499 դրամ, սակայն  խողովակներն ստանալուց հետո հայտնաբերել է, որ մոտ 100 գծամետր խողովակ պակասում է:  Հետագայում վերջինս ՍՊ ընկերության տնօրենից պահանջել և ստացել է  պակաս խողովակներին համարժեք  105 000 դրամ գումարը , որը, սակայն, համայնքի բյուջե չի մուտքագրել և յուրացրել է:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ  Գ. Հակոբյանը, լինելով որպես համայնքի ղեկավար և միաժամանակ աճուրդի կազմակերպիչ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված կարգով Շիրակի մարզի Աղին համայնքի տարածքում գտնվող ընդհանուր 11.85 հա վարելահողերը ներկայացրել է աճուրդի, սակայն 2009թ. հուլիսի 17-ին կայացած աճուրդներից  10-ում, չնայած ՀՀ Հողային օրենսգրքի 67 հոդվածի 3-րդ կետով, ինչպես նաև «Հրապարակային սակարկությունների մասին օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված արգելքի՝ վարելահողերն  իրացրել է գյուղապետարանի աշխատակից, իր որդի Խաչիկ Հակոբյանին: Օրենքի ուղղակի արգելքի պայմաններում՝ Գագիկ Հակոբյանը հաստատել է վերը նշված աճուրդների արդյունքների, ինչպես նաև հողամասերն աճուրդով Խաչիկ Հակոբյանին վաճառելու վերաբերյալ 2009թ. հուլիսի 17-ի թիվ 1, 2, 3 և 4 արձանագրությունները, կնքել  առուծախի պայմանագրեր, որոնց հիման վրա  Խ.Հակոբյանի անվամբ կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում, իսկ 2009թ. հոկտեմբերի 23-ին վերը նշված վարելահողերը վերավաճառվել է երևանաբնակ Մանուկ Հովհաննիսյանին:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ս. Անդիկյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  325-րդ հոդվածի 1-ին և 205-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Գ. Հակոբյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով:

Քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը