Մեկնաբանություն

24.08.2019 09:10


Որտեղ է թաղված շան գլուխը

Որտեղ է թաղված շան գլուխը

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանը, եթե հիշում եք, գերազանցեց ինքն իրեն. տվեց-անցավ պոպուլիզմի բոլոր ռեկորդները` հայտարարելով. «Արցախը Հայաստան է, եւ վերջ»։

Ոմանք, այդ թվում` նաեւ Ադրբեջանում, դա ընդունեցին որպես մարտահրավեր Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ձեւավորված «ստատուս-քվոյին»։ Մի մասին էլ թվաց, թե Փաշինյանը վերջապես հստակեցրել է իր «դիրքորոշումը»` կտրուկ ռազմահայրենասիրական շրջադարձ է արել տեր-պետրոսյանական ուղեգծից, փակել հայկական կողմից «անհատույց» զիջումների թեման ու պապից ավելի կաթոլիկ անզիջում մոտեցում որդեգրել Արցախի հարցում։

Դե, իսկ նրանք, ովքեր ճանաչում են Փաշինյանին, գիտեն` ինչով է շնչում, չհայտարարված ինչ մտադրություններ ունի, ինչպես է պատկերացնում խնդրի հանգուցալուծումը, հասկացան`այստեղ ինչ-որ բան այն չէ. անսպասելի այդ «շրջադարձը» սոսկ ներքին լսարանին ուղղված ամբոխահաճո դրսեւորում չէ, ոչ էլ «միացում» կարգախոսը կյանքի կոչելու ցանկության արձանագրում. շան գլուխն ուրիշ տեղ է թաքնված։

Կառավարության երեկվա նիստում ընդունված որոշումը` պահուստային ֆոնդից մոտ 33 միլիոն դրամ հատկացնել սորոսասուն երկու կազմակերպությունների` «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին՝ իբր, ընտրություններից առաջ Արցախում իրազեկման աշխատանքներ իրականացնելու համար, մասամբ բացում է փակագծերը` ցույց է տալիս, թե ինչ նկատի ուներ մեր հերոսն իրականում` «Արցախը Հայաստան է, եւ վերջ» ասելով։ Եվ ի՞նչ ասել է` այսուհետ Հայաստանն է (այսինքն`ինքն ու իր խունվեյբինները) Արցախում «ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ» անցկացնելու երաշխավորը։

Սա մի բան է նշանակում` «թավշյա հեղափոխությունը» Արցախ արտահանելու եւ «հեղափոխական նոր Հայաստանին» օրգանապես համահունչ, այսինքն` «Փաշինյան եւ ընկերներ» ՍՊԸ-ի կրնկի տակ գտնվող «հեղափոխական նոր Արցախ» կերտելու «սեզոնը»կարելի է բացված համարել...

Եթե Հայաստանը հեղափոխական ցնցումների, անորոշության, ներքին առճակատման, փոխադարձ թշնամանքի, ատելության եւ անհանդուրժողականության թիրախ դարձնելու համար պետք էր գնալ «արտահերթ ընտրությունների», այս դեպքում դրա կարիքը չկա. ընտրությունները սարերի հետեւում չեն, եւ իմաստ չունի արհեստականորեն արագացնել իրադարձությունները։ Կարելի է դա անել հերթական ընտրությունների միջոցով։ Որպես սկիզբ` մեկուկես տարի առաջ Հայաստանում հաստատված «սահմանափակ պատասխանատվության կառավարության» բաժնետերերից մեկի` սորոսական թեւի գրոհայիններին գործուղելով Արցախ` կազմակերպելու իշխանության «անցնցում փոխանցումն» իրենց սրտի թեկնածուներին։

Կարող են ասել`սորոսականների եւ Նիկոլենց ջրերը նույն առվով չեն հոսում, Ամուլսարի պահով իրար կոկորդ են կրծում եւ այլն։ Բայց ի՞նչը կարող է ավելի համախմբել իշխանության մեջ բաժնեմաս ունեցող ուժերին, քան ընդհանուր թշնամու կերպարը։ Միջտեսակային պայքարը երբեմն ստիպում է ներտեսակային համերաշխության գալ և մի կողմ դնել տարաձայնությունները։

Սորոսի ճտերի ֆինասավորումով մեր` հարկատուներիս հաշվին (ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք. մինչեւ հիմա Սորոսն էր դրամաշնորհներ տալիս, հիմա կառավարությունն է սպոնսորություն անում սորոսական ծրագրերին) Փաշինյանը յուրօրինակ բարտեր է անում: Նա փորձում է դրսից կառավարվող ուժերի մի մասին իր կողմը պահել ու սասանվող իշխանական աթոռը պաշտպանել՝ դիմացը վճարելով սորոսականների Արցախ մտնելու հնարավորություն տալով:

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը