Մեկնաբանություն

23.08.2019 13:39


Ինչու է ծովից ծով Հայաստան պահանջողի համար Ամուլսարի հարցն ավելի կարևոր, քան Արցախինը

Ինչու է ծովից ծով Հայաստան պահանջողի համար Ամուլսարի հարցն ավելի կարևոր, քան Արցախինը

«Ամուլսարի հարցը ներկայումս հայ ժողովրդի առջև ծառացած կարևորագույն հարցն է: Այն ավելի կարևոր է, քան անգամ Արցախի հարցը. առանց Արցախի, գուցեև, Հայաստանը կարող է ապրել, առանց ջրի՝ վստահաբար, ոչ»:

Սա գրել է Արա Պապյանը: Մարդ, ով մի ոտքով դրսում է, մյուս ոտքով՝ Հայաստանում: Մարդ, ով քաղաքացիության հետ կապված խնդիրների պատճառով չկարողացավ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել: Մարդ, ում ընտանիքի անդամները հեռավոր Կանադայում են: Մարդ, ով ծովից ծով Հայաստան է պահանջում ու «ռազմահայրենասիրական» ճառեր արտասանում: Մարդ, ով հարում է մի քաղաքական ուժի, որի գաղափարախոսության շրջանակներում մենք պետք է հենց այսօր միաժամանակ պատերազմ հայտարարենք Թուրքիային ու Ադրբեջանին, նաև՝ Ռուսաստանին ու Իրանին: Չմոռանալով նաև Վրաստանի հետ պատերազմ վարելու մասին:

Միայն Հայաստանում 5-րդ շարասյան ներկայացուցիչը կամ քաղաքականապես անմեղսունակը կարող է պնդել, որ Ամուլսարի հարցն ավելի կարևոր է, քանի անգամ Արցախի հարցը:

Երբ մարդը խոսում է այն մասին, որ Արախի հարցն ավելի ստորադաս է Ամուլսարից, քանզի առանց Արցախի, գուցեև, Հայաստանը կարող է ապրել, ապա դա «թարգմանաբար» նշանակում է, որ նման բան ասողն իր կյանքն առանց Արցախի պատկերացնում է, բայց առանց իր իշխանության գալու՝ վստահաբար, ոչ:

Արա Պապյանի նմանները որսացել են, որ Ամուլսարի հարցը շահարկելով՝ կարող են գալ իշխանության: Դրա համար էլ Ամուլսարի դարդն են լացում՝ կոկորդիլոսի արցունքներ թափելով:

Արա Պապյանին ու մյուս դեմագոգ-պոպուլիստներին բացարձակապես չի հետաքրքրում Ամուլսարի հարցը ճիշտ այնպես, ինչպես Արցախի հարցը: Նրանք էմոցիա փախցնելու համար մի օր կարող են ծովից ծով Հայաստան պահանջել, հետո՝ քիրվայություն քարոզել, հաջորդ օրը Ամուլսարն ավելի կարևորել Արցախից, և այդպես շարունակ:

Սրանք միայն մեկ խնդիր ունեն՝ իրենց անձնական շահը: Որոշ դեպքերում նաև՝ թուրք-ադրբեջանական դուետի շահերը «ռազմահայրենասիրաբար» առաջ մղելը:

Արապապյանների համար «թավշյա» հեղափոխությունը գործունեության լայն դաշտ է բացել, քանզի պետական կառավարումից կիլոմետրերով հեռու գտնվող, գաղափարապես դատարկ ու էժանագին պոպուլիզմի սիրահար Նիկոլ Փաշինյանի վարչապետության պարագայում Հայաստանն ու Արցախը դարձել են «պռախադնոյ դվոռ» ու հնարավորություն տվել տարատեսակ թրքաբոլշևիկներին, շուլլերներին, պոպուլիստներին և պատեհապաշտներին ազատորեն գործել ու սպառնալիք ներկայացնել մեր երկրի համար:

Բայց դե, այս ամենը չի կարող երկար տևել: Կգա նաև այս ամենի վերջը: Ուրիշ տարբերակ չկա:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը