Հարցազրույց

28.08.2019 09:21


«Գագիկ Խաչատրյանի դեմ մեղադրանք ներկայացնելը հասարակությանն Ամուլսարի թեմայից շեղելու համար է, շոու է». Երվանդ Բոզոյան

«Գագիկ Խաչատրյանի դեմ մեղադրանք ներկայացնելը հասարակությանն Ամուլսարի թեմայից շեղելու համար է, շոու է». Երվանդ Բոզոյան

Ես կարծում եմ, որ Գագիկ Խաչատրյանի դեմ մեղադրանք ներկայացնելը հասարակությանը Ամուլսարի հանքի շահագործման թեմայից շեղելն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը`անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, ըստ որի՝ Գագիկ Խաչատրյանին առաջադրվելու է մեղադրանք՝ խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման համար:

«Ամուլսարի թեման լրջագույն ճգնաժամ է առաջացրել իշխանության մեջ, իշխանությունը հայտնվել է փակուղային իրավիճակում»,-ասաց նա:

Քաղաքագետը գտնում է, որ իշխանությունը լուրջ մտավախություն ունի, որ Ամուլսարի պատճառով իր վարկանիշը կարող է սրընթաց անկում ապրել:

«Այդ իսկ պատճառով իշխանությունը նպատակ է հետապնդում ցանկացած խնդրով շեղել հանրային ուշադրությունը, և կարծում եմ, որ Գագիկ Խաչատրյանի բերման պրոցեսը հենց այդ խնդրին է ծառայելու: Փորձ է արվելու մեծ գումարների աղմուկ հանել, որպեսզի հանրությունը սկսի քննարկել այդ թեման, և Ամուլսարի խնդիրը կամաց-կամաց դառնա երկրորդ պլան»,-ասաց նա:

Ըստ Երվանդ Բոզոյանի` Գագիկ Խաչատրյանի հետ կապված պատմությունը կարելի է և՛ շոու համարել, և՛ նաև գործընթաց:

«Ամեն կերպ կարելի է անվանել, սակայն իշխանության գործելաոճը հետևյալն է. ինքը, ըստ էության, գնում է հանրային կարծիքի ուղղությամբ, եթե հանրային կարծիքը դրական է, ինքը փորձում է մաքսիմալ կապիտալացնել, եթե բացասական է, փորձում է շեղել նման խնդիրներով: Այս պահ դրությամբ Ամուլսարի շուրջ լուրջ բացասական հանրային կարծիք կա իշխանության նկատմամբ, և իշխանությունը փորձում է այդ խնդրից դուրս գալ և գնացել է այս քայլնի: Եթե այս քայլով հնարավոր լինի շեղել հանրային կարծիքը, կհանգստանան, իսկ եթե չշեղվի, փորձելու են ավելի սրել այս խնդիրը: Եթե դա էլ չլուծի, հնարավոր է այլ ձերբակալություններ լինեն»,-ասաց նա և նշեց, որ իշխանության տրամաբանությունը քաղաքական բնույթ ունի և իրենց համար հանրային վարկանիշը առաջնային խնդիր է, քանի որ հասկանում են, որ եթե անկում ապրի այդ վարկանիշը, ապա դրա տրամաբանական արդյունքը կլինի իշխանության կորուստը:

Երվանդ Բոզոյանը գտնում է, որ հասարակությունը հեղափոխությունից սպասում էր մեծ փոփոխությունների, սակայն քանի որ այս մեկ ու կես տարվա ընթացքում դա չեղավ, հասարակությունը հայտնվեց ապատիայի մեջ, այսինքն՝ դարձավ իներտ և անտարբեր:

«Սակայն Ամուլսարի խնդիրը սպառնում է, որ հասարակությունն այդ անտարբերության վիճակից դուրս կգա և կդառնա բողոքավոր իշխանության դեմ, սա վտանգավոր է»,-ասաց նա:

Երվանդ Բոզոյանը նշեց, որ արդեն Ամուլսարն էլ է դարձել պատրվակ բողոքավոր հասարակության համար:

«Եթե նկատեք, Ամուսլարի թեման սկսել են արծարծել տարբեր քաղաքական շրջանակներ` հաշվի առնելով հանրային կարծիքը, ցանկանում են կապիտալ հավաքել: Սարն արդեն ցույց է տալիս, որ հանրային տրամադրությունները փոխվել են, և Ամուլսարը դարձավ առիթ այդ դժգոհությունները ցույց տալ: Այդ իմաստով նման բարձր հնչեղություն ունեցող ձերբակալությունը կարճաժամկետ էֆեկտ է ունենալու»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը