Մեկնաբանություն

28.08.2019 13:17


Փաշինյանի վարկանիշի անկման զոհերի ոչ ամբողջական ցանկը

Փաշինյանի վարկանիշի անկման զոհերի ոչ ամբողջական ցանկը

Փաշինյանը Ամուլսարի հարցում «քաշվեց»։ «Քաշվեց» իր իսկ սխալների պատճառով։

Ամուլսարի հարցում նա սխալը սխալի հետևից է անում ու չի կարողանում սեփական որոշումը կյանքի կոչել։ Նա մնացել է սեփական «պրիոմի» տակ։ Ասել էր, որ կառավարության դուռը ժողովորդինն է, ինչ ուզեն՝ կանեն, հիմա պողոսները ջարդում են նրա դուռը։

Փաշինյանը հասկանում է, որ Ամուլսարը դարձել է առիթ, որպեսզի և՛ իր ոխերիմ թիմակիցները, և՛ պաշտոնական ընդդիմախոսները հարձակվեն։ Հասկանում է, բայց այդքան «դուխ» չունի, որ որոշում կայացնի։

Փաշինյանը զգում է, որ իր վարկանիշը գահավիժում է։ Նա փորձում է զոհեր տալ ու թամաշաներ սարքել, որպեսզի կանգնեցնի այդ գահավիժումը։

Ստորև ներկայացնենք փաշինյանական վարկանիշի անկման զոհերի ոչ ամբողջական ցանկը.

1. Մարիամ Փաշինյան

Նիկոլի ավագ դուստրը փորձեց Ամուլսարի պատմությունից հետո իր վրա վերցնել կրակը, բայց, ցավոք, կրակն ընկավ հոր պատճառով։

2. Բաբկեն Թունյան

«Իմ քայլը» խմբակցության ոչ անասնաֆերմայական հատվածի ներկայացուցիչ պատգամավորը իրերը կոչեց իրենց անվանումներով, որպեսզի հիմնավորի Փաշինյանի որոշումը Ամուլսարի պահով։ Նա իրենց ընտրազանգվածին դիպուկ բնորոշում տվեց, բայց անուղղակիորեն հարվածեց նաև շեֆին, քանզի «անգրագետ Պողոսն իր անգրագետ բազմանդամ ընտանիքով» ձևակերպումը շատ բազմաշերտ էր։

Թունյանը հետո ստիպված էր մի փոքր նահանջել իր հայտարարությունից ու այդպիսով հարվածներ ստանալ բոլոր կողմերից։

3. Ստամբուլյան կոնվենցիա

«Իմ քայլը» բազմագույն կամ գույնզգույն խմբակցություն է։ Փաշինյանի քաղաքական ու գաղափարական հենարան հանդիսացողների մեջ մեծամասնություն են կազմում Ստամբուլյան կոնվենցիայի կողմնակիցները։

Փարիզի հյուրանոցում սուրճ մատուցող հայ երիտասարդի հետ շփվելուց հետո Փաշինյանը վերջնականապես կողմնորոշվել էր դեպի Ստամբուլյանը, բայց հիմա նա վախից հետաձգել է դրա վավերացման գործընթացը։

4. Գագիկ Խաչատրյան

ՊԵԿ նախկին ղեկավարին ձերբակալել են՝ մինչ այդ հոտոտելով նրա բնակարանը։ Թե ինչ պետք է գտնեին Խաչատրյանի ամառանոցում, կիմանա միայն Ամուլսարի տակ մնացած Նիկոլը։

Ակնհայտ է, որ Խաչատրյանին ձերբակալել են Ամուլսարի թեմային զուգահեռ՝ թամաշա ապահովելու համար։ Համ էլ աղմկահարույց հայտարարություններ անելու համար, որպեսզի ցույց տան, որ Փաշինյանը ոչ պակաս յակոբինյան է, քան թուրք–ադրբեջական փողերով Հայաստանում յակոբինյանություն անող թրքաբոլշևիկները՝ 5–րդ շարասյունը։

5. Արցախ

Ամուլսարի հարցով սորոսականների կողմից գրոհի ենթարկվելուց հետո Փաշինյանը որոշեց բարտերի գնալ։ Նա պետական բյուջեից փող հատկացրեց սորոսականներին՝ Արցախում ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու, իսկ իրականում գործակալական ցանց ու համակիրների բանակ ստեղծելու համար։

33 միլիոն դրամի ու Արցախում ՀՀ իշխանությունների հովանու ներքո գործելու հնարավորության դիմաց սորոսականներից ոմանք, մասնավորապես Շվոնդեր–Դանիելը, սկսեցին պաշտպանել Ամուլսարի հանքը շահագործելու փաշինյանական որոշումը։

Այդպիսով Փաշինյանը զոհաբերեց Արցախը՝ հանուն աթոռի գործարքի գնալով հակաարցախյան ուժերի հետ։

6. Ամուլսար

Հանքի շահագործման հարցը նույնպես զոհաբերվել է Փաշինյանի վարկանիշի անկմանը։

. . .

Կարելի է հեշտությամբ կռահել, որ էլի մի քանի «փամփուշտներ» կան, որոնք Փաշինյանը առաջիկայում կկրակի՝ սեփական վարկանիշի տապալումը կանխելու համար, բայց դա չի փրկի իրեն, քանզի ջրերը վաղուց գնացել են, իսկ Աննուշկան ձեթը թափել է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը