Լրահոս

22.04.2010 13:24


«Orange»–ն աուտիզմով հիվանդ երեխաներին աջակցելու համար 25 մլն 170 հազ. դրամ է հատկացրել

«Orange»–ն աուտիզմով հիվանդ երեխաներին աջակցելու համար 25 մլն 170  հազ. դրամ է հատկացրել

«Orange»-ի և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության ծրագիր, որի շրջանակներում «Orange»-ը ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու աուտիզմով հիվանդ երեխաների «ԱրԲեՍ» առողջության և ցերեկային խնամքի կենտրոնին և նրա մարզային կենտրոններին, որոնք այդ երեխաների նկատմամբ վերականգնողական աշախատանք  են իրականացնում։

-«Orange»-ը հեռահաղորդակցություն ապահովող ընկերություն է, և այն բոլոր առողջական խնդիրները, որոնք ազդում են մարդկանց հաղորդակցման հնարավորությունների վրա, բնականաբար, մեզ վերաբերում են։ Աուտիզմը լուրջ հաղորդակցման խնդիրներ ունեցող հիվանդություն  է, որը դժբախտություն է բերում և՛ հիվանդին, և՛ նրա շրջապատին։ Եվ շատ տրամաբանական է, որ հոգալով հաղորդակցման խնդիրներ ունեցողների մասին՝ մենք դրսևորում ենք մեր պատասխանատու վերաբերմունքը նրանց նկատմամաբ, քանի որ նրանք մեկուսացված են մեր աշխարհից և դուրս են մնում հաղորդակցումից։ Ամբողջ աշխարհում, որտեղ գործունեություն է ծավալում «Ֆրանս Տելեկոմ» ընկերությունը, որի խմբի մաս է կազմում «Orange»-ը, աուտիզմով հիվանդ երեխաներին աջակցություն է ցուցաբերվում։ Եվ պատմությունն  էլ սկսվել է դեռ 20 տարի առաջ, երբ «Ֆրանս Տելեկոմ»-ը նրանց ձեռք մեկնեց Ֆրանսիայում,-ասել է «Orange» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան։

Նրա խոսքերով՝ Հայաստանում այս ավանդույթը շարունակելու համար, որպես ռազմավարական գործընկերոջ, համագործակցություն է սկսվել «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հետ, որն այս ոլորտում  երկար տարիների փորձ ունի և հասել է անհավանական արդյունքների։

-Ներկայումս մեր կենտրոն է հաճախում տարբեր խանգարումներ ունեցող և աուտիզմով տառապող 37 երեխա։ Սակայն պետք է իմանալ, որ Հայաստանում խնդիրը, ցավոք, այսքան երեխայով չի սահմանափակվում։ Իսկ ծնողների ոչ համարժեք վերաբերմունքի և ոչ մասնագիտական խնամքի պատճառով երեխաների մեծ մասը պարզապես կորցնում է բնականոն կյանք մտնելու բոլոր հնարավորությունները,-ասել է «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Բաբլոյանը։

Նրա խոսքերով՝ «Orange» ընկերության հետ համատեղ ծրագրով մի քանի նախագիծ է իրականացվում, որոնց նպատակն է վերապատրաստել երեխաների խնամքով զբաղվող բուժանձնակազմին, ընտանեկան բժիշկներին, սոցիալական աշխատողներին, ինչպես նաև բարձրացնել հանրային իրազեկումը աուտիզմի մասին։

-Ծրագրի շրջանակներում կենտրոնի 12-16 տարեկան երեխաների համար նաև երկշաբաթյա հանգիստ կկազմակերպվի ամառային առողջարանային ճամբարում, որտեղ բուժմանը զուգընթաց երեխաները կվայելեն բազմաթիվ խաղեր, միջոցառումներ կկազմակերպվեն, և հետաքրքիր առօրյայով հանգիստ կունենան,-հավելել է Արա Բաբլոյանը։

«Orange» ընկերությունը ծրագրին ընդհանուր առմամբ տրամադրել է 25 մլն 170 հազ. դրամ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը