Մեկնաբանություն

30.08.2019 09:10


Երբ սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում

Երբ սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում

Դեսպանների «ամենամյա հավաքում» Փաշինյանն անդրադարձավ «մեզ համար կարեւորագույն խնդրին»` Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը, եւ ասաց, որ դառնացած է. «Չափազանց դառնացած եմ այն իրավիճակով, որով, որպես վարչապետ, ժառանգել եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացը եւ ընդհանրապես Ղարաբաղի հարցի միջազգային ընկալումը»:

Ու դժգոհեց. «Ոչ միայն միջազգային ասպարեզում, այլեւ նույնիսկ ինքներս մեզ համար երբեմն կորցնում ենք Ղարաբաղի հակամարտության ծագման, պատճառների, իրավաքաղաքական նրբերանգների տրամաբանական շարադրանքի թելը: Եվ այս երեւույթը հաճախ զգալի է միջազգային տարբեր հարթակներում Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկումներ ունենալիս, ընդհուպ երբեմն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցություններ վարելիս»:

Մենք ասելով`երեւի իրեն նկատի ուներ, որովհետեւ մենք` 88-ից Ղարաբաղի շուրջ զարգացումներին ակնդետ հետեւողներս, լա՛վ գիտենք եւ հակամարտության պատմությունը, ե՛ւ պատճառահետեւանքային կապերը, ե՛ւ «իրավաքաղաքական նրբերանգները», ու դրանց «շարադրանքի թելը» երբեք չենք կորցրել։ Եվ չենք կորցնի, ինչքան էլ ինքն ու իր նմանները, որ Ալիեւից են տեղեկանում «կարգավորման դինամիկայի» մասին, փորձեն խճճել, շեղել մեզ իրարամերժ իրենց հայտարարություններով եւ «հանրահռչակած» անհոդաբաշխ մոտեցումներով։

Հայկական կողմից նախկինում բանակցող սուբյեկտները` նախագահները, արտգործնախարարները, նույնպես բավական հստակ եւ աներկբա ներկայացրել են` ինչպես են տեսնում հիմնախնդրի կարգավորումը, ինչի շուրջ են բանակցում, եւ երբեք Ադրբեջանի ջրաղացին ջուր չեն լցրել, պատասխանատվությունից չեն խուսափել, չեն ասել`թող ժողովուրդը որոշի ինչպես լուծենք խնդիրը, շպարգալկա կազմի, տա ձեռքս, գնամ` բանակցեմ։

Գլխավորը` իրենք իրենց չեն հակասել, չեն խորամանկել`մի կողմից բանակցել, մյուս կողմից` ժխտել բանակցությունների բուն փաստը, մե՛կ ասել` տեր ենք մինչեւ հիմա ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին, մեկ պնդել, թե անցյալում ինչ եղել է, սխալ է եղել, ճարահատյալ`«սեփական» կետից են սկսել բանակցությունները, մե՛կ խոստացել օր առաջ Արցախը վերադարձնել բանակցային սեղանի մոտ, մե՛կ 180 աստիճան շրջադարձ արել եւ ի լուր աշխարհի հայտարարել` «Արցախը Հայաստան է, եւ վերջ»`այդպես էլ «պրիզնատ» չգալով. ի վերջո, «մադրիդյան սկզբունքները» դեռ «կենդանի՞» են, թե դուրս են եկել օրակարգից, Վիեննայի եւ Սանկտ-Պետրերբուրգի պայմանավորվածություններն ուժի մե՞ջ են, թե՞ անցել են պատմության գիրկը`ջրվել վերելակային «երկաթյա» պայմանավորվածություններով։

Երբ ասում է, որ «դառնացած» է իր ստացած «ծանր» ժառանգությամբ, ի՞նչ նկատի ունի. որ իրենից առաջ Մինսկի խմբի համանախագահները ոչ թե մեզ էին հորդորում կառուցողական լինել` հետեւելով Ադրբեջանի օրինակին, այլ Ադրբեջանի՞ն էին կոչ անում գալ կառուցողական դաշտ` հետ քաշել դիպուկահարներին շփման գծից, չխոչընդոտել միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծմանը եւ մոնիտորինգի հնարավորությունների ընդլայնմա՞նը։

Որ ոչ թե մենք, այլ Ադրբեջանն էր մերժո՞ւմ համանախագահների բոլոր առաջարկությունները, դժգոհում Մինսկի խմբի ձեւաչափի «անարդյունավետությունից» եւ փորձում հարցը տեղափոխել միջազգային այլ հարթակներ, փակուղի մտցնում բանակցային գործընթացն իր առավելապաշտական նկրտումներով, շփման գծում անընդհատ սադրանքներ հրահրելով։

Որ Արցախը, բանակցային ձեւաչափում անմիջականորեն ներգրավված չլինելով հանդերձ, միջազգային հանրության կողմից ընկալվում եւ ընդունվում էր որպես ինքնուրույն գործոն, առանց որի գրավոր կամ բանավոր որեւէ համաձայնություն չի՞ կարող կյանքի կոչվել։

Այսօր այդ ընկալումը կա՞, թե՞ չկա։

Վախենանք` երկրորդը, որովհետեւ իր անձնապաստան, տոտալիտար ձգտումներով, հետեւողականորեն նսեմացնելով Արցախի իշխանություններին, կոպտորեն միջամտելով Արցախի ներքին գործերին, ներկայանալով որպես Արցախում ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման երաշխավոր եւ սորոսական «վերահսկիչ բրիգադ» գործուղելով այնտեղ` իբր, հետեւելու ընտրությունների ընթացքին, Փաշինյանն անուղղելի հարված է հասցրել եւ հասցնում Արցախին՝ որպես չճանաչված, բայց փաստացի անկախ պետական միավորի, որ կարո՛ղ է եւ պե՛տք է տնօրինի իր ճակատագիրը` դո՞ւր է գալիս դա ինչ-որ մեկին, թե՞ ոչ։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը