Լրահոս

22.04.2010 14:58


Նոր օրինագծեր

Գործադիրը հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծին, որով վերացվում է պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձանց ՀՀ ոստիկանության ակադեմիա ընդունվելու իրավունքը։ Հաջորդ որոշմամբ կառավարությունը սույն նախագիծն անհետաձգելի է համարել։
Կառավարությունը հավանություն է տվել «Առեւտրի եւ ծառայությունների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Շահութահարկի մասին» եւ մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու' ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։ Այն ստեղծում է ապրանքների դրոշմապիտակավորման համակարգի ներդրման իրավական հիմքերը։
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2009թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ՀՀ պետական կառավարման մարմիններին հանձնարարել մինչեւ ս.թ. ապրիլի 26-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվետվության վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները, ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել դրանց հիման վրա լրամշակել հաշվետվությունը եւ ս.թ. ապրիլի 28-ին ներկայացնել ՀՀ կառավարություն։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ,Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասինե ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում ակնկալվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնող, ՄԻԱՎ-ով վարակված անձանց, ինչպես նաեւ բուժաշխատողների պարտականությունների կատարման համար անհրաժեշտ անվտանգությանն առնչվող հարաբերությունները կարգավորել ՀՀ առողջապահության նախարարության կողմից ընդունվող սանիտարական կանոններով եւ հիգիենիկ նորմերով։
Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» եւ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Այն երաշխավորում է հիմնարար եւ կիրառական գիտության զարգացմանն ուղղված ՀՀ ԳԱԱ գործունեությունը, սահմանում համակարգի կառուցվածքը, նրա հարաբերությունները պետական մարմինների, գիտական, գիտատեխնիկական եւ նորամուծական գործունեության սուբյեկտների եւ մասնակիցների հետ։ Տեղեկանալով, որ հանրապետության գիտական աշխարհը նույնպես ծանոթ է նախագծին եւ մասնակցել է դրա բարելավմանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը օրինագծի համակողմանի քննարկում է ակնկալել նաեւ ՀՀ Ազգային Ժողովում։
Գործադիրը քննության է առել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների' օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ քաղաքացիական դատավարության եւ մի շարք այլ օրենսգրքերում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի ներկայացրել։
Կառավարությունը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի' օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ,Կրթության մասինե եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը եւ արել մի շարք առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրինագծերը։ Դրանք սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների համար ստեղծում են անվճար բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթություն ստանալու օրենսդրական հիմք։ Կառավարության բացասական եզրակացությունն են ստացել ԱԺ պատգամավոր Լեւոն Խաչատրյանի' օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու ՀՀ օրենքների երկու նախագծերը, որոնցից մեկը բավարար չափով հիմնավորված չէ, իսկ մյուսը չի բխում ՀՀ սահմանադրության պահանջներից։
Նշված օրինագծերը եւ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

Այս խորագրի վերջին նյութերը