Լրահոս

22.04.2010 17:40


Արծվիկ Մինասյան. «Իշխանությունը մերժեց և առաջարկեց կիսատ–պռատ մի լուծում»

Արծվիկ Մինասյան. «Իշխանությունը մերժեց և առաջարկեց կիսատ–պռատ մի լուծում»

Արձանագրությունների դեմ համախմբված ուժերի հավաքին ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն անդրադարձել է վերջին շրջանում ԱԺ ՀՅԴ խմբակցության մի շարք օրենսդրական նախաձեռնություններին։ Մասնավորապես անդրադառնալով միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը՝ նա նշել է, որ իշխանությունը մերժեց այն և առաջարկեց կիսատ-պռատ մի լուծում, որն էլ, հավանաբար, այսօր հիմք է հանդիսանալու արձանագրությունների կասեցման համար, ինչը, սակայն, չի կարող վերացնել այն վտանգները, որոնց մասին բարձրաձայնում էին արձանագրություններին դեմ ուժերը։

Երկրորդ նախաձեռնությունը, որի մասին խոսել է Արծվիկ Մինասյանը, Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատասխանատվության սահմանումն է։ Նա նշել է, որ ՀՅԴ-ն արդեն իսկ շրջանառության մեջ է դրել ՔՕ-ում փոփոխությունների մի նախագիծ, որով առաջարկվում է Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում իրագործված Հայոց ցեղասպանությունը հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը, արդարացնելը կամ ուրանալը սահմանել որպես քրեական հանցագործություն և դրա համար պատիժ սահմանել, ընդհուպ մինչև 5 տարվա ազատազրկում։ Իշխանություններն այս օրենսդրությունը հաստատելուց ևս փորձում են ձեռնպահ մնալ և ձգձգում են այն։

Երրորդ նախաձեռնությունը վերաբերում է նոր օրինագծին, որը ՀՅԴ-ն շրջանառության մեջ է դրել։ Այն Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և դատապարտման պետական քաղաքականության հիմնադրույթների մասին օրինագիծն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը