Քաղաքական

31.08.2019 21:27


Գագիկ Խաչատրյանը երեկ երեկոյան հետազոտվել է Աստղիկ բժշկական կենտրոնում

Գագիկ Խաչատրյանը երեկ երեկոյան հետազոտվել է Աստղիկ բժշկական կենտրոնում

Պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեղադրանքով կալանավորված նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը երեկ երեկոյան հետազոտվել է Աստղիկ բժշկական կենտրոնում: Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը՝ հստակեցնելով՝ հետազոտություն անցնելուց կարճ ժամանակ հետո Խաչատրյանը հիվանդանոցից հեռացել է, այլ մանրամասներ կենտրոնից չփոխանցեցին:

Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը կբողոքարկի իր պաշտպանյալին կալանավորելու՝ առաջին ատյանի դատարանի երեկ երեկոյան կայացրած որոշումը: Դատարանի 3 օրվա քննությունը ձևական էր, ասում է փաստաբանը՝ կրկին պնդելով, որ նախկին ազդեցիկ պաշտոնյան քննությունից թաքնվելու կամ այն խոչընդոտելու պատճառ չունի։

«Վեց ամիս առաջվանից մեղադրյալը առարկայական գիտի, որ մեղադրվում է նույն հոդվածով ու չի թաքնվել, հիմա էս ի՞նչ եք ասում, որ իմացավ ինչ-որ բանի մասին։ Էլ չեմ ասում, որ ձերբակալման օրը առավոտվանից ամեն ինչից էլ տեղյակ էին, դատարանի որոշմանը ծանոթացել էր, թե ինչ կասկած կա և այլն, բայց ինքնական Երևանից մեկնել էր, հասել էր Ծաղկաձոր, մասնակցել խուզարկությանը և որևէ կերպ չէր թաքնվել։ Այսինքն էս ամեն ինչը, որ ներկայացվում է, կարծում եմ՝ ընդհանրապես կապ չունի իրավաբանության հետ»,-նշեց Սարգսյանը։

Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեջ: Մեղադրանքի դրվագներից մեկով նախկին պաշտոնյայի ղեկավարած կառույցում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել:

Փաստաբանի փոխանցմամբ՝ մեկ այլ դրվագով էլ խախտումներ են հայտնաբերվել պետական գերատեսչության գույքի իրացման գործընթացում:

«Ցանկացած հիմնարկի ղեկավարի, ում հիմնարկում որևէ պաշտոնատար անձ թերություն է թույլ տվել կամ ենթադրենք հանցագործություն է կատարել, էս մեղադրանքի պայմաններում ցանկացածին կարելի է նույնիսկ էդ մեղադրանքը վերագրել, որովհետև դու ղեկավարն ես, դու պետք է իմանայիր դրա մասին»,-ասաց փաստաբանը։

Մեղադրանքի երկրորդ մասը՝ խոշոր չափերի վատնումը, ըստ փաստաբանի, իրենից ենթադրում է 200 մլն դրամ գումարի վատնում։ Խաչատրյանը դեռ տարեսկզբին Հատուկ քննչական ծառայությունում քննվող մեկ այլ քրեական գործով 800 միլիոն դրամ վերականգնել է պետական բյուջե:

Խոշոր չափերի վատնման մեջ է մեղադրվում նաև նրա եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, ով ևս երեկ դատարանի որոշմամբ կալանավորվեց: Վերջինս կալանքը ևս փաստաբանը անհիմն է համարում։

«Մեր փաստերը ես պնդում եմ միանշանակ, որ առավել հիմնավոր են և այդ կապակցությամբ դատարանը չի էլ կարողացել դրանց որևէ կերպ հերքել, իսկ եթե չի կարողացել հերքել, այլ որոշում չուներ կայացնելու քան ազատ արձակելը, բայց չարեց դատարանը»,-ընդգծեց Երեմ Սարգսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը