Քաղաքական

31.08.2019 22:35


Սոնա Աղեկյանի դեմ Հայկ Մարությանի ներկայացրած հայցը դատարանը վերադարձրել է

Սոնա Աղեկյանի դեմ Հայկ Մարությանի ներկայացրած հայցը դատարանը վերադարձրել է

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը վստահեցնում է, որ Երևանի քաղաքապետի կողմից իր դեմ ներկայացված հայցը չի կարող խոչընդոտել, որպեսզի ինքը դադարեցնի մայրաքաղաքի աղբահանության հետ կապված ակցիաները։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Սոնա Աղեկյանը։

Նրա խոսքով՝ հասկացել են, որ «ՍանիՏեք» ընկերությունն այլևս չի աշխատում, և դրա մասին բազմիցս քաղաքապետարանին զգուշացրել են՝ նշելով, որ օր առաջ դրա մասին պետք է մտածել և լուծել խնդիրը։

«Սակայն Երևանի քաղաքապետի անգործության արդյունքում մենք այսօր ունենք այն իրավիճակը, որը տեսնում եք։ Մեր ակցիաները շարունակական բնույթ են կրելու, դրա հետ կապված՝ այսօր ժողով ենք ունենալու, կլինեն քննարկումներ, որի վերաբերյալ լրատվամիջոցներին տեղյակ կպահենք»,-ասաց Սոնա Աղեկյանը։

Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից իր դեմ ներկայացրած հայցին, Սոնա Աղեկյանը տեղեկացրեց, որ հայցի մեջ եղել են մի քանի խախտումներ, ուստի դատարանը որոշել է այն վերադարձնել քաղաքապետին, որպեսզի դրանք շտկի։

«Պարոն քաղաքապետը հայցադիմումի համար վճարվող գումարն ամբողջովին չի վճարել, ինչ-որ թերի բաներ է մնացել։ Դատարանն այդ հայցը հետ է վերադարձրել՝ պահանջելով, որպեսզի այդ խախտումները կարգավորի, այնուհետև ներկայացնի։ Իրավական առումով էլ հայցադիմումի մեջ խնդիրներ են եղել»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա՝ եթե Երևանի քաղաքապետի խորհրդականները խելացի լինեն, ապա Հայկ Մարությանն այդ հայցն այլևս դատարան չի ներկայացնի՝ գիտակցելով, որ այդ հարցում որևէ մեկը նրա արժանապատվությունը՝ որպես «Կարգին Հայկոյի», չի ոտնահարել։

«Այստեղ խոսքը նրա անձի մասին չէ, Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքական գործիչները պարտավոր են լինել հանդուրժող բոլոր այն քննադատությունների համար, որոնք ուղղված են իրենց աշխատանքային գործունեությանը կամ անգործությանը։ Պարոն Մարությանը քննադատության է արժանանում իմ, թիմակիցների և քաղաքացիների կողմից, քանի որ անփորձ է և մատնված է անգործության։ Կցանկանայի, որպեսզի Հայկ Մարությանը չփորձի այնպես անել, որ մենք կորցնենք «Կարգին Հայկոյին»։ Մենք նախորդներին մերժել էինք և ունեինք փոփոխությունների ակնկալիք, ի վերջո, մայրաքաղաքը մարզասրահ չէ, որ գան մարզվեն և ձեռք բերեն փորձառություն»,- եզրափակեց Սոնա Աղեկյանը։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Սոնա Աղեկյանի դեմ՝ պահանջելով նրան պարտավորեցնել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում և հերքում:

Այս խորագրի վերջին նյութերը