Մեկնաբանություն

03.09.2019 07:40


Արցախի պատմական առաքելությունն է «չէ» ասել նիկոլական «թավշյա» էքսպանսիային

Արցախի պատմական առաքելությունն է «չէ» ասել նիկոլական «թավշյա» էքսպանսիային

Nouvelle d'Arménie-ին տված հարցազրույցում «ժողովրդի վարչապետը» պաշտոնապես արձանագրեց, որ չի վստահում Արցախի ղեկավարությանը։

Այն «պարզ» պատճառով, որ «Արցախի իշխանությունները երկար աշխատել են նախորդ կառավարության հետ` բոլոր հետեւանքներով, որ դա կարող էր ունենալ»։ Այսինքն` իր դրածոները չեն և միակ հատկանիշները քայլելը չէ։

Եվ «ի լուր աշխարհի» ներկայացրեց «անհամաձայնությունները վերացնելու» դեղատոմսը. «Լավագույն միջոցը դրան հասնելու` եկող տարի սպասվող խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն են Արցախում։ Այդ ընտրությունների արդյունքում, որոնք կլինեն ազատ եւ ժողովրդավարական, այդ անհամաձայնությունները դուրս կգան»։ Դրանով իսկ բացահայտեց մեր` հարկատուներիս հաշվին Սորոսի «ազդեցության գործակալներին» Արցախ գործուղելու շարժառիթը։ Այն է` հետեւել, որ ընտրություններն «ազատ եւ ժողովրդավարական» անցնեն. իր սրտի թեկնածուները մտնեն «եզրափակիչ» եւ ձեւավորեն կամակատար իշխանություն, որը Նիկոլի ասածին երբեք «չէ» չի ասի`հլու-հնազանդ կկատարի բոլոր հրահանգները եւ չի խոչընդոտի Ալիեւի հետ քիրվայական հարաբերությունների զարգացմանը։ Ինչի՞ց է որոշել, որ «ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ» անցկացնելու դեպքում անհամաձայնությունները «դուրս կգան», ոչ թե ավելի կխորանան` մնաց անհայտ։

Փաստորեն 1998-ից հետո առաջին անգամ Արցախի անկախության հռչակման տարեդարձը նշում ենք «ոչ կոնվենցիոնալ» մի իրավիճակում, երբ Հայաստանի ոչ բարով ղեկավարությունը բացահայտ հակասությունների մեջ է Արցախի իշխանությունների հետ, եւ ոչ մի կերպ յոլա չի գնում տարածաշրջանի «գլխավոր խաղացողի»` մեր ռազմավարական դաշնակից, դե յուրե` ՀՀ անվտանգության երաշխավոր, Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի հետ։

Ա՛յն երկրի, որին պարտական ենք հակամարտության գոտում ուժերի հավասարակշռությունն այսքան ժամանակ լավ թե վատ պահպանելու համար, դո՞ւր է գալիս դա ինչ-որ մեկին, թե՞ ոչ (հուսով եմ` որեւէ մեկը լրջորեն չի մտածում, թե մեր խղճուկ ռազմական բյուջեով կարող էինք դիմանալ Հայաստանի պետական բյուջեին համարժեք ռազմական բյուջե ունեցող եւ փութաջանորեն սպառազինվող Ադրբեջանի մրցակցությանը)։

Պաշտոնական Երևանի ու Մոսկվայի տարաձայնություններն այնքան ակնառու են, որ այլեւս հնարավոր չէ չտեսնելու տալ։ Փաշինյանն ինքն էլ արդեն չի խոսում հայ-ռուսական առավել քան երբեւէ «փայլուն հարաբերությունների» մասին։ Հակառակը` բարձրաձայնում է «փոխադարձ կասկածների» եւ «մեր դարավոր բարդույթներից ազատվելու» (Բոլթոնի ասած`«պատմական կարծրատիպերից» օրառաջ հրաժարվելու) մասին։

Ասում է. «Եթե որեւէ մեկը կարծում է, թե մենք բավարար մակարդակի չենք կատարում գործընկերոջ մեր պարտականությունները, մեզ թույլատրվում է անել նույնը։ Թող ոչ ոք չկարծի, թե կասկածների վերացումը պետք է մաս կազմի միայն մեր օրակարգի»։ Նիկոլերենից եթե թարգմանենք, սա նշանակում է, որ «որեւէ մեկը», այսինքն`Ռուսաստանը, ուզի-չուզի, պետք է «ադապտացվի» նորհայաստանյան «թավշյա» իրողություներին, այլապես «ճանճի պես կորած» է։ Ի՞նչ կլինի`եթե չադապտացվի, նույնպես պարզ է. մեզ այլ բան չի մնա, եթե ոչ` դառնալ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի «անվճար» կցորդը կամ տարածաշրջանային մեծ խաղի մանրադրամը։

Ստեղծված իրավիճակում Արցախն այլընտրանք չունի, քան «թավիշներին» իրենց տեղը ցույց տալ եւ ընտրությունները դարձնել Փաշինյանի «Վաթեռլոոն»` «ոչ» ասել «թավշյա» քաոսի, անորոշության, ներքին խառնակչության, առճակատման մանրէն Արցախ ներմուծելու կործանարար «գործընթացին»։

Ճիշտ այնպես, ինչպես 1988-ին, ապա` 1991թ. սեպտեմբերի 2-ին ասաց «տղամարդու իր խոսքը»` վերահաստատելով ազատ ապրելու եւ սեփական ճակատագիրը տնօրինելու իր վճռականությունը, 98-ին էլ մերժեց տերպետրոսյանական «արժանապատիվ խաղաղության»` Արցախի փուլային հանձնման ծրագիրը։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը