Լրահոս

23.04.2010 13:49


Դավիթ Ջամալյան. «Հարցի պատասխանն ինքնին հերքում է այն հետևությունը, որ թուրքը փոխվել է»

Դավիթ Ջամալյան. «Հարցի պատասխանն ինքնին հերքում է այն հետևությունը, որ թուրքը փոխվել է»

ՊՆ առընթեր հասարակական խորհրդի անդամ, հոգեբանական գիտությունների թեկնածու Դավիթ Ջամալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե տարիների ընթացքում թուրքը չի փոխվել։

-Ի՞նչը պետք է փոխեր Թուրքիային։ Սա շատ ռացիոնալ պատասխան ենթադրող հարց է, և հարցի պատասխանն ինքնին հերքում է այն հետևությունը, որ թուրքը փոխվել է, որովհետև մարդկությունը ծայրահեղ անհանդուրժողականությունից դեպի հանդուրժողականություն անցում է կատարել մի ուղիով, երբ պետականորեն պարտադրվում է հանդուրժողականություն տվյալ էթնիկ հանրույթին, և դրա վառ օրինակը Գերմանիան է։ Հիմա հրեան  կարող է ասել, որ գերմանացին նույն գերմանացին չէ,-նշել է նա։

Պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե երբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը,  պաշտոնյաներն ու «ֆուտբոլային դիվանագիտության» հաջողված լինելը  «հիմնավորող» փորձագետները, քաղաքագետները միաբերան գոչում էին, որ մեզ բաց սահմաններ են հարկավոր, որ առաջվա թուրքն այսօրվա թուրքը չէ, իսկ երբ հիմա արդեն սառեցվում է գործընթացը, նույն այդ մարդիկ նշում են, թե թուրքը մնում է թուրք, հոգեբանական տեսանկյունից ինչպե՞ս կբացատրի՝ Դավիթ Ջամալյանն ասել է, թե ՀՀ նախագահի մոտ անիրատեսական և խեղաթյուրված ընկալում չի եղել, և նա շատ հստակ ընկալումներով է մտել քաղաքական գործընթաց։

-Այսինքն, «թուրքը փոխվել է» դիրքորոշումը եղել է քաղաքական դաշտում այս կամ այն պատգամավորի կամ քաղաքական ուժերի կողմից, բայց նախագահը շատ սթափ ուժերով է մտել այս գործընթացի մեջ, և հիմա, երբ  վերստին հիշեցնում ենք, որ փոփոխություն չկա, մարդիկ, ովքեր ցանկալին իրականություն  էին պատկերացնում, վերստին համոզվում են, որ ցանկալին հեռու է իրականություն լինելուց,-ասել է հոգեբանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը