Լրահոս

23.04.2010 14:47


Թուրքագետ. «Նախագահի ուղերձը մինչ այդ հնչած մտահոգություններին իրավական պատասխան տվեց»

Թուրքագետ. «Նախագահի ուղերձը մինչ այդ հնչած մտահոգություններին իրավական պատասխան տվեց»

-Մենք գործընթացից դուրս չենք գալիս, և կարծում եմ՝ այդքան էլ ճիշտ չի լինի առաջինը դուրս գալ գործընթացից։ Այս մի քանի ամսում հայկական և թուրքական նյարդերի ամրությունը ստուգելու գործընթաց էր գնում, և պետք չէ, որ հայկական կողմը տեղի տա,- «Փաստարկ» ակումբում ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Նա նշել է, որ «ֆուտբոլային» դիվանագիտության վերջնական նպատակը սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, սակայն դիվանագիտությունը մի փոքր երկարատև գործընթաց է, և պետք չէ այսքան շուտ սպասել արդյունքների։

Նախագահի հայտարարությունը, նրա կարծիքով, հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ մինչ այդ տարբեր քաղաքական ուժերի և փորձագետների հնչեցրած մտահոգություններին տվեց իրավական պատասխան և ավելի կանոնակարգված բնույթ. «Միայն այն, որ այդ մասին հայտարարեց նախագահը, շատ ավելի լուրջ դարձրեց հայտարարության քաղաքական ենթատեքստը»։

Այդուհանդերձ, հայ-թուրքական արձանագրությունների տեքստը Ռուբեն Մելքոնյանը որևէ կողմի հաղթանակ չի համարում. «Չեմ համարում, որ արձանագրությունների տեքստը միանշանակ որևէ կողմի հաղթանակն է. դա, իմ խորին համոզմամբ, փոխզիջումային տեքստ է, սակայն ցանկալի կլիներ, որ այդ արձանագրություններում որոշակի կետեր տեղ չգտնեին։ Ցանկալի կլիներ՝ նշվեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին և այդքանով ավարտվեր, սակայն միշտ չէ, որ մեր ցանկալի և աշխարհաքաղաքական ու դիվանագիտական իրավիճակները համընկնում են»։

Տեքստը, նրա կարծիքով, շարադրված է դիվանագիտական լեզվով, ինչը երկակի մեկնաբանությունների հնարավորություն է տալիս, այլ հարց է՝ ռեալ քաղաքականության մեջ արդյոք Թուրքիայի մեկնաբանությունները կյանքի կկոչվե՞ն, թե՞ ոչ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը