Լրահոս

23.04.2010 15:00


Րաֆֆի Հովհաննիսյան. «Կա՛մ նոր ընտրություններ, կա՛մ էլ շրջադարձային, բեկումնային նոր փոփոխություններ»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Կա՛մ նոր ընտրություններ, կա՛մ էլ շրջադարձային, բեկումնային նոր փոփոխություններ»

-Մենք արտահերթ իրավիճակում ենք, և այստեղ արդեն երկրորդական է, թե ով է պահանջում նոր ընտրություն, կամ ով չի պահանջում,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ՀՀ նախագահի հրամանագրից հետո հայ-թուրքական գործընթացում ստեղծված վիճակն ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա։

-Հայաստանը գտնվում է արտահերթ իրավիճակում, և այդ արտակարգ վիճակը մենք առաջիկա ամիսների ընթացքում կարող ենք հաղթահարել կա՛մ նոր ընտրություններով, կա՛մ էլ շրջադարձային, բեկումնային նոր փոփոխություններով, ինչը ենթադրում է քաղաքական այն կամքը, որ մինչև հիմա չի երևում ո՛չ իշխանության դաշտում, ո՛չ էլ ընդդիմադիր դաշտի որոշ հատվածում։ Ամեն մեկը նախընտրում է մենախոսել իրեն հարազատ լսարանում, բայց ոչ ոք չի ուզում գնահատել ազգային տագնապային այդ եզրագիծը, որը մենք այսօր հատել ենք թե՛ արտաքին, թե՛ ներքին առումներով։

Ր. Հովհաննիսյանը նշել է, թե ապրիլի 22-ից հետո պետք է ունենանք այն գիտակցումը, որ մեզ համար նոր բանաձև է պետք գտնել։

-Ես գիտեմ, թե որն է մեր անհատապաշտ, գոռոզ, ինքնահավան քաղաքական դաշտի յուրահատկությունը, որ գոնե այսքանից հետո մենք ձևը կգտնենք՝ լուծում տալու այս ահավոր դժվարին ժառանգությանը։ Կա՛մ նոր ընտրություն, կա՛մ էլ ներքաղաքական այն միջավայրի ստեղծում երկխոսության կամ այլ մեխանիզմների միջոցով, որը թույլ կտա էապես փոխել Հայաստանի վիճակը, դիրքերը թե՛ արտաքին, թե՛ ներքին ճակատում՝ առանց պայմանական ժամկետներ տալու մինչև սեպտեմբեր ամիսը,-հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ մինչև սեպտեմբեր ժամկետ էր նշել Հայ ազգային կոնգրեսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը